Մեքսիկական թմրակարտելներից մեկի անօդաչու թռչող սարքերը թափանցել են ԱՄՆ օդային տարածք, ինչը հանգեցրել է երկրի հարավում գտնվող Թեքսաս նահանգի Էլ Պասո քաղաքի վրայով քաղաքացիական թռիչքների ժամանակավոր արգելքի, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրին։
Ըստ հեռուստաալիքի մեջբերած անանուն պաշտոնյայի՝ «Պատերազմի նախարարությունը միջոցներ է ձեռնարկել անօդաչու թռչող սարքերը վնասազերծելու համար»։ Նա հավելել է, որ, ըստ Դաշնային ավիացիոն վարչության (FAA) և Պենտագոնի, այժմ առևտրային ավիափոխադրումների համար սպառնալիք չկա։
Էլ Պասոյի վրայով օդային տարածքն այժմ վերաբացվել է։
CNN-ը նշում է, որ այդ ռազմական գործողության բնույթը սկզբում անհասկանալի էր, չնայած Թրամփի վարչակազմն ավելի վաղ հայտարարել էր Մեքսիկայում և դրանից դուրս գործող թմրակարտելներին թիրախավորելու մտադրության մասին։
Associated Press-ն, իր հերթին, նշում է, որ անցյալ տարի ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության պաշտոնյա Սթիվեն Ուիլոուբին Կոնգրեսում ցուցմունք է տվել թմրակարտելների կողմից անօդաչու թռչող սարքերի օգտագործման մասին։ Նա նշել է, որ կարտելները գրեթե ամեն օր անօդաչու թռչող սարքեր են օգտագործում ԱՄՆ-Մեքսիկա սահմանով թմրանյութեր տեղափոխելու և ամերիկացի սահմանապահներին հսկելու համար։
Ըստ նրա՝ 2024 թվականի վերջին վեց ամիսների ընթացքում ԱՄՆ հարավային սահմանից 500 մետր շառավղով հայտնաբերվել է ավելի քան 27 հազար անօդաչու թռչող սարք, որոնց մեծ մասը թռչում էր գիշերը։
Ըստ Ներքին անվտանգության նախարարության՝ վերջին տարիներին իր գործակալները բռնագրավել են հազարավոր կիլոգրամ մետամֆետամին, ֆենտանիլ և այլ թմրանյութեր, որոնք թմրակարտելները փորձել են անօդաչու թռչող սարքերի միջոցով անցկացնել ԱՄՆ սահմանով։





























