Շվեյցարիան հանրաքվե կանցկացնի երկրի բնակչության 10 միլիոնով սահմանափակման արմատական առաջարկի վերաբերյալ: Կառավարությունը հայտարարել է, որ նախաձեռնության քվեարկությունը, որը սատարում է ազդեցիկ աջակողմյան Շվեյցարիայի ժողովրդական կուսակցությունը (SVP), տեղի կունենա հունիսի կեսերին:
Այդ որոշումը կարող է վտանգել Եվրամիության հետ կնքված հիմնական համաձայնագրերը և սահմանափակել օտարերկրացի որակյալ մասնագետների ներհոսքը Շվեյցարիա, գրում է Financial Times-ը:
Նախաձեռնությունն առաջարկում է մինչև 2050 թվականը սահմանափակել Շվեյցարիայի մշտական բնակչությունը ոչ ավելի, քան 10 միլիոն, իսկ եթե մինչ այդ այն գերազանցի 9,5 միլիոնը, կներդրվեն ավտոմատ սահմանափակող միջոցառումներ: Այդ միջոցառումները ներառում են ապաստանի քվոտաների կրճատում և ընտանիքների վերամիավորում:
Շվեյցարիայի ներկա բնակչությունը կազմում է 9,1 միլիոն, որը 2000 թվականից ի վեր աճել է 25%-ով, մասամբ ներգաղթյալների հոսքի շնորհիվ: Շվեյցարիայում օտարերկրացիների համամասնությունը Եվրոպայում ամենաբարձրերից մեկն է՝ 27%:
Երկրի բնակչության թվաքանակը սահմանափակելու նախաձեռնության աջակցությունը բավականին բարձր է, նշում է Financial Times-ը։ SVP-ում պնդում են, որ բնակչության աճի տեմպը գերծանրաբեռնում է ենթակառուցվածքները, վնասում շրջակա միջավայրը և բարձրացնում վարձակալության գները։
Նախաձեռնությունը սահմանում է, որ եթե բնակչությունը գերազանցի 10 միլիոնը, կառավարությունը պարտավոր կլինի օգտագործել բոլոր հասանելի պետական քաղաքականության գործիքները՝ այն կրճատելու համար, ներառյալ միջազգային համաձայնագրերի վերանայումը կամ դադարեցումը, ինչպիսին է քաղաքացիների ազատ տեղաշարժը Շվեյցարիայի և ԵՄ-ի միջև։
Նախաձեռնության ընդունումը կարող է հեռահար հետևանքներ ունենալ գլոբալ ուղղվածությամբ տեղական ընկերությունների համար, այդ թվում՝ Nestlé-ի, Novartis-ի և Roche-ի, որոնք մեծապես կախված են օտարերկրյա մասնագետներից, նշում է Financial Times-ը։
Շվեյցարիայի գործատուների միությունը՝ Economiesuisse-ը, նշում է տեղական ընկերությունների կախվածությունը այլ եվրոպական երկրների աշխատակիցներից։ Նախաձեռնության ընդունումը կարող է հանգեցնել ընկերությունների գործունեության արտասահման տեղափոխմանը, հարկային եկամուտների կորստին, նորարարությունների դանդաղեցմանը և ծառայությունների որակի անկմանը, զգուշացնում է Economiesuisse-ը։





























