ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կնքված Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագիրը վերափոխման դուռ է բացում ամբողջ Հարավային Կովկասի համար։ Վրաստանը կարող է ե՛ւ նպաստել այս համաձայնագրի հնարավոր կայունությանը եւ բարգավաճմանը, ե՛ւ զգալիորեն օգտվել դրանից, վրացական Netgazeti պարբերականին ասել են ԱՄՆ պետդեպարտամենտում։
«Մենք կշարունակենք համագործակցել Վրաստանի կառավարության հետ մեր երկկողմ հարաբերություններին եւ երկրում տիրող քաղաքական իրավիճակին վերաբերող հարցերի շուրջ։ Մենք նաեւ քննարկում ենք այն կոնկրետ քայլերը, որոնք Վրաստանի կառավարությունը կարող է ձեռնարկել՝ ցույց տալու համար իր հանձնառությունը մեր երկրների միջեւ հարաբերություններն ամրապնդելու եւ զարգացնելու հարցում» - հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտը։
Նշվել է, որ ԱՄՆ-ը հանձնառու է կառուցողական հարաբերություններ կառուցել Վրաստանի հետ։





























