«Եկեղեցու հետ առճակատում չկա։ Կա առճատատում այն մարդկանց հետ, որոնք սպասարկում են շահեր, որոնք հաճախ գտնվում են Հայաստանի Հանրապետությունից դուրս և առավել ևս սպասարկում են իրենց անձնական ֆինանսական, չեմ ուզում այդ բառն արտաբերել, բայց եկեք դա անվանենք «ինտիմ» շահեր»։ Այս մասին «Дождь» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով Հայ առաքելական եկեղեցու հետ առճակատման մասին հարցին։

«Օրինակ, ուզում եմ նման օրինակ բերել։ Ենթադրենք՝ որևէ երկրում, եթե պարզվի, որ Իքսը՝ եկեղեցում բարձր դիրք զբաղեցնող մարդը, մանկապիղծ է, եթե դրան արձագանքեն իրավապահ մարմինները կամ որևէ քաղաքական գործիչ քննադատի մանկապղծությունը կամ նման մի բան, դա կլինի՞ հարձակում եկեղեցու վրա։ Չի կարելի թաքնվել այդ սև սքեմի տակ ու կարծել, թե դա ինդուլգենցիա է, իրենց կարելի է անել ամեն ինչ, իսկ երբ քո հետևից գան, ասես, թե դա հարձակում է եկեղեցու վրա»,- ասել է Սիմոնյանը։

Պատասխանելով հստակեցնող հարցին, թե ում նկատի ունի՝ խորհրդարանի խոսնակը նշել է «եկեղեցու 4-5 բարձրաստիճան ներկայացուցչի»։

«Կան բարձրաստիճան, ոչ շատ, մի քանի՝ ենթադրենք 4-5 բարձրաստիճան եկեղեցականներ, որոնք թաղված են նման իրավիճակներում։ Բացի այդ, կա փաստաթուղթ, որը հաստատում է, որ ներկայումս որպես Կաթողիկոս ներկայացող անձի հարազատ եղբայրն աշխատում է, հայտ է ներկայացրել, այսինքն՝ կա տեղեկանք, որտեղ նա ստորագրել է Ռուսաստանի արտաքին հետախուզության հետ աշխատելու մասին և այլն»,- հայտարարել է Սիմոնյանը։

Նա հստակեցրել է, որ խոսելով արտաքին ուժերի մասին՝ տվյալ դեպքում նկատի ունի Մոսկվան։

«Դե, տվյալ դեպքում՝ այո։ Իմ բերած օրինակն այդ մասին է վկայում։ Բայց ևս մեկ պահ, որը շատ կարևոր է։ Հայ եկեղեցու շատ բարձրաստիճան ներկայացուցիչներ նույնպես հանդես են եկել այդ մարդկանց դեմ։ Եվ այս իրավիճակում իրեն Կաթողիկոս անվանող անձը պարզապես սկսել է նրանց կարգալույծ անել։ Իսկ նրանք Հայ առաքելական եկեղեցու ամենաբարձրաստիճան ներկայացուցիչներն են։ Այսինքն՝ այնտեղ նա է և իր մի քանի զինակիցները, որոնք այս պահին զավթել են իշխանությունը և նույնիսկ չեն կարողանում անցկացնել իրենց սովորական լսումներն ու ժողովները, որոնցում հարցեր են լուծվում, որովհետև քվորում չունեն»,- ասել է Ալեն Սիմոնյանը։

Նշենք, որ երեկ Հայաստանի դատախազությունը քրեական հետապնդում է սկսել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ և արգելել նրան լքել երկիրը։ Մինչև այդ ևս վեց եպիսկոպոսի արգելվել էր մեկնել Հայաստանից։