Կրեմլում «կողմնակալ և անհիմն» են անվանել Ալեքսեյ Նավալնիի թունավորման մեջ Ռուսաստանի իշխանություններին ուղղված մեղադրանքները։
«Մենք, բնականաբար, չենք ընդունում նման մեղադրանքները, մենք դրանց հետ համաձայն չենք, մենք դրանք համարում ենք կողմնակալ և անհիմն։ Եվ, ըստ էության, մենք դրանք վճռականորեն մերժում ենք»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Փետրվարի 14-ին Մեծ Բրիտանիան, Շվեդիան, Ֆրանսիան, Գերմանիան և Նիդերլանդները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասվում է, թե Ալեքսեյ Նավալնին ռուսական գաղութում թունավորվել է էպիբատիդինով՝ ծառագորտի թույնով։ Նման եզրակացության են եկել միմյանցից անկախ այն հետազոտողները, ովքեր ուսումնասիրել են ռուս քաղաքական գործչի կենսանյութերի նմուշները։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Կուպերը Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է, որ բանտում Նավալնիին կարող էր թունավորել միայն Ռուսաստանի կառավարությունը։
ՌԴ ԱԳՆ-ում Նավալնիի թունավորման մասին եվրոպական երկրների հայտարարությունն անվանել են «տեղեկատվական լցոնում»:





























