Փետրվարի 17-ի գիշերը ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա։ Հարվածի տակ է հայտնվել Իլսկի նավթավերամշակման գործարանը (ՆՎԳ), որտեղ հրդեհ է բռնկվել, հայտնել են տարածաշրջանի օպերատիվ շտաբից։ «Վնասվել է նավթամթերքի պահեստարանը։ Հրդեհի ընդհանուր մակերեսը մոտ 700 քմ է», — նշել են օպերատիվ շտաբում։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են 72 մարդ և 21 միավոր տեխնիկա, այդ թվում՝ ԱԻՆ մասնագետներ։ Բացի այդ, դրոնների բեկորների ընկնելու պատճառով երկու մասնավոր տներ են հրդեհվել Իլսկի ավանում։ Տուժել է երկու մարդ, որոնց անհրաժեշտ է եղել հոսպիտալացում։ Իլսկի ՆՎԳ-ն խոշորագույններից մեկն է երկրում, այն գտվում է Ռուսաստանի հարավում։ Ձեռնարկությունը պատկանում է «Կուբանի նավթագազային ընկերությանը»։ Այն ներառում է վեց տեխնոլոգիական կայանք՝ տարեկան 6,6 մլն տոննա ընդհանուր հզորությամբ։ Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբում նշել են, որ տվյալ ՆՎԳ-ն «ներգրավված է Ռուսաստանի զինված ուժերի ապահովման գործում»։ Մինչ այս գործարանը բազմիցս դարձել է Ուկրաինայի թիրախը, սակայն այս տարի սա առաջին հարձակումն է եղել դրա վրա։
Կրասնոդարի երկրամասի վրա հարձակմանը զուգահեռ ուկրաինական դրոնները գրոհել են Թաթարստանը։ Գիշերը ժամը երեքի սահմաններում պայթյուններ են հնչել Կազանում և Նիժնեկամսկում, գրում է Shot-ը։ Տեղի բնակիչները հայտնել են, որ դրանից հետո շրջաններից մեկում լույսը «տատանվել է»։ Մինչ այդ «Ռոսավիացիան» հայտարարել էր Կազանի և Նիժնեկամսկի օդանավակայանների ժամանակավոր փակման մասին։ Թաթարստանին հասցված հարվածների հետևանքների մասին պաշտոնական տեղեկատվություն իշխանությունները չեն տրամադրել։ Նաև ժամը հինգի սահմաններում պայթյունների շարք է հնչել Իժևսկի վրա։ Ուդմուրտիայի ղեկավար Ալեքսանդր Բրեչալովը հայտնել է դպրոցներում պարապմունքների դադարեցման մասին։ Բացի այդ, ուկրաինական անօդաչուները հարձակվել են օկուպացված Սևաստոպոլի վրա։ Ռուսաստանի կողմից նշանակված քաղաքապետ Միխայիլ Ռազվոժաևի խոսքով՝ դա վերջին շրջանի «ամենաերկարատև հարձակումներից մեկն էր»։ Հարձակման հետևանքով վիրավորում է ստացել 9-ամյա տղա, նրան տեղափոխել են մանկական հիվանդանոց։
ՌԴ Պաշտպանության նախարարության ամփոփագրի համաձայն՝ անցած գիշեր հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) հերթապահ միջոցներով «ոչնչացվել և որսվել է» ինքնաթիռային տիպի 151 ուկրաինական անօդաչու սարք։ Ամենաշատը՝ 50 հատ՝ Սև ծովի ջրատարածքի վրա, ինչպես նաև 38-ը՝ օկուպացված Ղրիմի տարածքի և 29-ը՝ Ազովի ծովի վրա։ Եվս 18-ը խոցվել են Կրասնոդարի երկրամասի վրա, 11-ը՝ Կալուգայի մարզի, չորսը՝ Բրյանսկի և մեկը՝ Կուրսկի մարզի վրա։


























