Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը նավեր են ուղարկել Հորմուզի նեղուցում շուտով կայանալիք համատեղ զորավարժություններին մասնակցելու համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշևը։
«Այժմեական են դարձել Հորմուզի նեղուցում անցկացվող «Ծովային անվտանգության գոտի - 2026» զորավարժությունները, ուր իրենց նավերն են ուղարկել Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը», - ասել է նա «Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցում։
Իրանը, Ռուսաստանը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը փետրվարի վերջին Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում կանցկացնեն թվով ութերորդ համատեղ ռազմածովային «Անվտանգության գոտի» զորավարժությունները, ավելի վաղ հայտնել էր Tasnim գործակալությունը։
Դրանց կմասնակցեն Իրանի ռազմածովային ուժերի (ՌԾՈՒ), Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի, ինչպես նաև Չինաստանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերի նավերը:
«Անվտանգության գոտի» ռազմածովային զորավարժություններն անցկացվում են 2019 թվականից՝ Իրանի ՌԾՈՒ-ի նախաձեռնությամբ։ Ինչպես նշում է գործակալությունը, դրանք ուղղված են համաշխարհային ծովային առևտրի անվտանգության ամրապնդմանը։ Երեք երկրների ռազմածովային ուժերի համատեղ գործողությունները ներառում են ծովահենության դեմ պայքար, հակազդեցություն ծովային ահաբեկչությանը և փրկարարական գործողությունների իրականացում։





























