Telegram մեսենջերը ապրիլի 1-ից ամբողջությամբ կարգելափակվի Ռուսաստանում։ Այս մասին հայտնել է «Բազա» Telegram-ալիքը՝ հղում անելով «մի քանի գերատեսչությունների» իր աղբյուրներին։

Ինչպես պնդում են ալիքի զրուցակիցները, ապրիլի 1-ից «Ռոսկոմնադզորը» կսկսի «մեսենջերի համատարած արգելափակումը»՝ Instagram-ի և Facebook-ի օրինակով։

«Արգելափակումը կկիրառվի Ռուսաստանի ողջ տարածքում. հավելվածը չի բեռնվի ոչ բջջային ցանցերի, ոչ էլ ստացիոնար ինտերնետային համակարգերի միջոցով», - գրում է «Բազան»։

«Բազա»-ի հաղորդագրությունից հետո «Ռոսկոմնադզորը» հանդես է եկել հետևյալ մեկնաբանությամբ. «Գերատեսչությունը տվյալ հարցի վերաբերյալ նախկինում հրապարակված տեղեկատվությանը հավելելու ոչինչ չունի»:

Ռուսաստանի իշխանությունները սահմանափակում են Telegram-ի աշխատանքը 2025 թվականի ամռանից, երբ ռուսաստանցիները զրկվել են մեսենջերում տեսազանգեր իրականացնելու հնարավորությունից։ Փետրվարի 10-ին «Ռոսկոմնադզորը» հայտարարել է, որ շարունակում է սահմանափակել Telegram-ի աշխատանքը։ Այդ օրը օգտատերերի մոտ մեդիաֆայլերի բեռնման հետ կապված խնդիրներ էին առաջացել։