Ռուսաստանը կարող է ռազմական գործողությունների անցնել, եթե ՆԱՏՕ-ի երկրները Բալթիկ ծովում շրջափակեն նրա լցանավերը։ Այս մասին «Արգումենտի ի ֆակտի» (АиФ) թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի օգնական, Ծովային կոլեգիայի նախագահ Նիկոլայ Պատրուշևը։ Նա «ստվերային նավատորմ» հասկացությունն անվանել է «իրավական ֆիկցիա», իսկ նման առևտուրը խոչընդոտելու բոլոր փորձերը՝ «միջազգային իրավունքի տեսանկյունից բացարձակապես անօրինական»։

«Եվրոպացիները, իրականացնելով ծովային շրջափակման ծրագրեր, գիտակցաբար իրագործում են ռազմական էսկալացիայի սցենար, շոշափում են մեր համբերության սահմանները և դրդում պատասխան ակտիվ միջոցների։ Եթե խաղաղ ճանապարհով այս իրավիճակը կարգավորել չհաջողվի, ապա շրջափակումը կճեղքի և կվերացնի Ռազմածովային նավատորմը», — ընդգծել է Պատրուշևը։ Նա նաև հավելել է, որ եվրոպական դրոշների ներքո բազմաթիվ նավեր են նավարկում և Ռուսաստանին «նույնպես կարող է հետաքրքիր դառնալ, թե ինչ են նրանք տեղափոխում և ուր»։

Ընդհանուր առմամբ, Պատրուշևը Բալթյան տարածաշրջանի ներկա իրավիճակը բնութագրել է որպես «ոչ պարզ»՝ նշելով, որ «նատօյականները փաստացի ստեղծում են բազմազգ խմբավորում, որն ուղղված է հարձակողական գործողություններին, Կալինինգրադի մարզի շրջափակմանը, առևտրային նավերի զավթմանը և ստորջրյա հաղորդակցության ուղիների դիվերսիաներին»։

Պատրուշևը նաև մեկնաբանել է Համաշխարհային օվկիանոսի այլ ջրատարածքներում Ռուսաստանի դրոշի ներքո նավարկող տանկերների կալանումները։ Նրա խոսքով՝ նման «ծովահենային հարձակումները» կուժեղանան, ուստի այժմ մշակվում են պատասխան միջոցներ։ «Արևմտյան ընդդիմախոսները որոշել են հարված հասցնել ռուսական տնտեսության կարևորագույն ոլորտներից մեկին՝ արտաքին առևտրին և ցանկանում են կաթվածահար անել այն… Եթե մենք նրանց կոշտ հակահարված չտանք, ապա շուտով անգլիացիները, ֆրանսիացիները և նույնիսկ մերձբալթյան երկրները կլկտիանան այն աստիճան, որ կփորձեն լիովին արգելափակել մեր երկրի մուտքը դեպի ծովեր՝ առնվազն Ատլանտյան ավազանում»,- նշել է Պատրուշևը։

Նա ընդունեց, որ Ռազմածովային ուժերը ներկայումս «ծովային առևտրի պաշտպանության առաքելություններ են իրականացնում զգալի լարվածության տակ»՝ ռեսուրսների պակասի պատճառով: Հաշվի առնելով այս մարտահրավերները՝ Ռազմածովային ուժերի նավաշինության ծրագիրը մինչև 2025 թվականը վերջնական մշակման փուլում է եղել և շուտով կներկայացվի նախագահին, հավելել է Պատրուշևը:

Փետրվարի 13-ին Մեծ Բրիտանիայի գլխավորությամբ հյուսիսեվրոպական երկրների կոալիցիան հանդիպում է անցկացրել՝ նվիրված Բալթիկ ծովում և Հյուսիսային Ատլանտիկայում ռուսական «ստվերային նավատորմի» դեմ ձեռնարկվող միջոցներին։ Ինչպես գրում է Bloomberg-ը, Միացյալ արշավախմբային ուժերի առաջնորդները քննարկել են նաև նման նավերի զավթման համատեղ գործողությունները։ Գործակալության աղբյուրը հայտնել է, որ այս հարցում Եվրոպան պատրաստվում է համակարգել իր գործողությունները ԱՄՆ-ի հետ։ Ավելի վաղ ամերիկյան զորքերը կալանել էին Ռուսաստանի հետ կապված առնվազն ինը լցանավ։

Հունվարին եվրոպական 14 երկրներ նախազգուշացրել են, որ հակազդելու են Բալթիկ և Հյուսիսային ծովերում ՌԴ ստվերային նավատորմին։ Համատեղ հայտարարության մեջ ընդգծվել է, որ նավերը կարող են նավարկել միայն մեկ պետության դրոշի ներքո և պետք է ունենան վավեր փաստաթղթեր, որոնք հաստատում են դրանց տեխնիկական անվտանգությունը և ապահովագրությունը։ Հակառակ դեպքում՝ լցանավերը կկալանվեն զինվորականների կողմից՝ զննման նպատակով։