Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը 20 տարի անց՝ հեռակա վարույթով կայացված դատավճռով, 3 տարվա ազատազրկման է դատապարտել Մոդենայի ռազմական ուսումնարանում ուսանելու նպատակով Իտալիա մեկնած և Հայաստան չվերադարձած կուրսանտին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ՝ ուսումնասիրելով դատական տեղեկատվական համակարգում հրապարակված դատավճիռը:

Ըստ մեղադրանքի՝ Ալիխան Մուրադյանը, հանդիսանալով Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 3-րդ կուրսի կուրսանտ, 2005 թ. սեպտեմբերի 27-ից 5 տարի ժամկետով ուսումնառության նպատակով գործուղվել է Մոդենայի ռազմական ուսումնարան: 2010 թ. հուլիսի 21-ին նշված ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո, զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով, սահմանված կարգով ՀՀ չի վերադարձել, ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչություն չի ներկայացել և հետագա ծառայության չի նշանակվել:

2010 թվականի դեկտեմբերի 3-ին դասալքության փաստով հարուցվել է քրեական գործ, և հունվարի 13-ին որոշում է կայացվել Ալիխան Մուրադյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 2011 թվականի հունվարի 13-ին Մուրադյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, սակայն կարճ ժամանակ անց՝ փետրվարի 3-ին, որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կասեցնելու մասին՝ նրա գտնվելու վայրը պարզված չլինելու հիմքով:

2023 թվականի փետրվարի 18-ին կասեցված քրեական վարույթը վերսկսվել է, իսկ 2025 թ. հունիսի 27-ին որոշում է կայացվել մեղադրյալի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու մասին: Գործի դատաքննության ընթացքում երեք վկաներ ցուցմունքներում հաստատել են, որ Ալիխան Մուրադյանն ուսումնառությունից հետո չի վերադարձել Հայաստան:

Վկա Իգոր Սարգսյանը, որը Մուրադյանի հետ միասին էր մեկնել Իտալիա սովորելու, իր ցուցմունքում հայտնել է, որ երկուսի համար էլ վերադարձի տոմսեր են գնված եղել, սակայն թռիչքները տարբեր են եղել, և ինքը տեղյակ չէ, թե ինչու կուրսընկերը չի վերադարձել Հայաստան:

«Վերջին անգամ Ալիխանին տեսել եմ դիպլոմային պաշտպանության օրը։ Իտալիա մեկնելուց առաջ մենք Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտի 3-րդ կուրսի կուրսանտ ենք եղել, տվել ենք զինվորական երդում։ Այնտեղ պետք է սովորեինք 4 տարի, սակայն Իտալիա ենք գնացել 3-րդ կուրսի սկզբում. այնտեղ 5 տարի էր ուսումը։ Մոդենայում վկայական են տվել, որտեղ նշված էր, որ հանդիսանում էինք Մոդենայի ռազմական ակադեմիայի կուրսանտ։ 20 տարի պարտավորվում են ծառայել։ Վերադառնալուց հետո ներկայացել եմ ՊՆ կադրերի բաժին, ասել եմ, որ ավարտել եմ և որ ուղղությամբ եմ ավարտել, և այնտեղ արդեն ինձ նշանակում են կատարել»,- հայտնել է վկան:

Դատարանը որպես ապացույց գնահատել է մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետի զեկուցագիրը, ըստ որի՝ Մոսկվայում Իտալիայի դեսպանության ռազմական կցորդի գրասենյակից ստացված տեղեկատվության համաձայն՝ Մոդենայի ռազմական ակադեմիայի շրջանավարտ, ՀՀ ԶՈՒ կուրսանտ Ալիխան Մուրադյանը հուլիսի 21-ին ավարտական միջոցառումներից հետո պետք է վերադառնար Հայաստան: Վերջինս ակադեմիայի պատասխանատու սպաների ուղեկցությամբ մեկնել է օդանավակայան, որտեղ, անցնելով հսկիչ-անձնագրային կետը, հետ է վերադարձել և դիմել փախուստի՝ անհայտ ուղղությամբ:

Հուլիսի 22-ին ավիատոմսերի գրասենյակից ռազմական ակադեմիայի հրամանատարությունը տեղեկություն է ստացել, որ Ա. Մուրադյանը փորձել է տոմսը հետ վերադարձնել՝ գումարը ստանալու ակնկալիքով, որն էլ, բնականաբար, մերժվել է: Ակադեմիայի սպայական կազմը զանգահարել է Ա. Մուրադյանին՝ տեղեկանալու, թե ինչու չի մեկնել իրեն հատկացված ավիատոմսով: Պատճառաբանելով, որ ուշացել է թռիչքից և իբր այդ պահին մեկնում է օդանավակայան՝ Ա. Մուրադյանն այլևս զանգերի չի պատասխանել և անհետացել է:

Իտալիա մեկնելուց 20 տարի անց՝ 2025 թ․ հոկտեմբերի 21-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մ․ Արամյանի, վճռել է Ալիխան Մուրադյանին մեղավոր ճանաչել 2003 թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 526-րդ հոդվածի 1-ին մասին՝ դասալքությունը) նախատեսված հանցանք կատարելու մեջ և պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 տարի ժամկետով, իսկ Մուրադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը, թողել անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Դատարանի վճիռը վերաքննիչ դատարանը թողել է անփոփոխ:

Նշենք, որ քրեական դատավարության գործող օրենսգրքի համաձայն՝ օրինական ուժի մեջ չմտած դատավճռով մեղադրյալին Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո կալանավորելուց հետո վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է 48 ժամվա ընթացքում այդ անձին ներկայացնել իրավասու դատարան` նրա նկատմամբ կիրառված կալանքի հարցը վերստին քննարկելու համար: