Իրանի և Ռուսաստանի զինված ուժերը փետրվարի 19-ին համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն Օմանի ծովում և Հնդկական օվկիանոսի հյուսիսում (Բանդար Աբբասի հարավային նավահանգստային քաղաքում), հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։
Ըստ Իրանի փոխծովակալ Հասան Մաքսուդլուի՝ զորավարժությունների հիմնական նպատակը Օմանի ծովում և Հնդկական օվկիանոսի հյուսիսում անվտանգության և կայուն ծովային համագործակցության ամրապնդումն է։ Նա նշել է, որ զորավարժությունների նպատակներից են նաև համատեղ ծովային համագործակցության ընդլայնումը և երկու երկրների նավատորմերի միջև կապերի ամրապնդումը՝ համատեղ գործողություններ մշակելու և իրականացնելու գործում։
Նա հավելել է, որ զորավարժությունների հիմնական տարրերն են մերձեցման և համատեղ գործողությունների համակարգման խթանումը՝ ծովային անվտանգությանը սպառնացող գործողություններին հակազդելու համար, մասնավորապես՝ առևտրային նավերի և նավթատար լցանավերի պաշտպանության, ինչպես նաև ծովային ահաբեկչության դեմ պայքարի համար։
Իրանցի հրամանատարը հավելել է, որ զորավարժությունները նախատեսված են նաև բարեկամական հարաբերությունների խորացման, հարևան երկրներին առաջնահերթություն տրվող տարածաշրջանային համագործակցության ընդլայնման և տարածաշրջանային պետությունների դերի ամրապնդման համար՝ ծովային անվտանգության և նավարկության անվտանգության ապահովման և ամրապնդման գործում։





























