ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Խաղաղության խորհրդի առաջին նիստում հայտարարել է, որ Գազայի հատվածում իրավիճակը կարգավորելու համար Խաղաղության խորհրդի աշխատանքներին մասնակցելու հրավիրված բոլոր պետությունները, ի վերջո, կմիանան նախաձեռնությանը։

«Գրեթե բոլորն ընդունել են [խորհրդին միանալու հրավերը], իսկ նրանք, ովքեր չեն ընդունել, կընդունեն։ Նրանք նազուտուզ են անում։ Դա չի օգնի։ Ինձ հետ նազուտուզ անել չի լինի»,- ասել է ամերիկացի առաջնորդը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում ԱՄՆ նախաձեռնությամբ ստեղծված Խաղաղության խորհրդի առաջին նիստում։

Ըստ նրա՝ երկրների մեծ մասը համաձայն է անմիջապես մասնակցել։ «Բոլորը միանում են, մեծ մասը՝ անմիջապես։ Որոշ երկրներ մեզ պետք չեն, քանի որ գլխացավանք են պատճառում։ Նրանցով կզբաղվեն»,- հավելել է Թրամփը՝ առանց մանրամասնելու, թե հատկապես որ պետությունների մասին է խոսքը։

ԱՄՆ նախագահը ընդգծել է նաև համագործակցության նոր ձևաչափի կարևորությունը։ «Ըստ իս, սա ամենակարևոր խորհուրդն է։ Անշուշտ, իշխանության և հեղինակության առումով նման բան երբեք չի եղել։ Որովհետև նրանք աշխարհի մեծագույն առաջնորդներն են»,- նշել է նա։

Թրամփը հավելել է, որ նախաձեռնության մասնակիցները մտադիր են համատեղ աշխատել տարածաշրջանը կայունացնելու համար։ «Մենք համատեղ աշխատում ենք՝ Գազայի, Մերձավոր Արևելքի և ամբողջ աշխարհի ժողովրդի համար ավելի պայծառ ապագա ապահովելու համար»,- նշել է նա։

Անդրադառնալով Խաղաղության խորհրդի անդամ երկրների առաջնորդներին՝ Թրամփը նշել է. «Նրանք ֆինանսական առումով շատ առատաձեռն են»։