Հայկական բեռնատարների վարորդների մի մասը ռուս–վրացական անցակետից տեղափոխվել են Գեզիի տերմինալ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նա հայտնել էր, որ փետրվարի 12-ից խոչընդոտվում է շինանյութով բեռնված հայկական բեռնատարների մուտքը Վրաստանից Հայաստան։
«Վարորդներն ասում են, որ այնտեղ մեքենաների հոսքը այնքան շատ է եղել, որ հնարավոր չէր իրենց այնտեղ պահել, 12 օր պահելուց հետո թույլ են տվել իջնել Գեզիի տերմինալ։ Հիմա Գեզի տերմինալում են սպասում։ Թե ինչքան կտևի, ոչ մեկը ոչ մի բան չի ասում, այդտեղի աշխատողները որևէ հարցի չեն պատասխանում, որևէ մեկնաբանություն չեն տալիս։
Կոնկրետ այն մարդիկ, որոնք ինձ հետ կապ են հաստատել, բեռնված են տարբեր շինանյութերով՝ լամինատ, փայտ և այլն։ Որոշակի տեղեկություններ ունեմ, որ նաև կա հեղուկ գազով բեռնված բեռնատար, բայց այդ տեղեկությունը հաստատված չի։
Իրենք նշում էին, որ 12 օր կանգնած բեռնատարների թիվը մոտ 100 է եղել, ու այդ թիվը գնալով ավելանում է։ Իրանց չեն արձագանքում, իրենք ասում են՝ մենք որևէ կերպ Հայաստանի իշխանությունների կողմից աջակցում, սատարում չենք ստանում»,–ասաց նա։
Գառնիկ Դանիելյանը վստահեցրեց, որ պարբերաբար այդպիսի խնդիրներ են առաջանում թե վրացական, թե ռուսական անցակետերում. «Մարդիկ վրդովված են, ասում են՝ կարծես մենք էս երկրի քաղաքացին չլինենք, մոռացության ենք մատնվել, մեր խնդիրները ոչ մեկին չի հետաքրքրում, ոչ մեկ մեզ մեզ հետ կապ չի հաստատում։
Ես ինքս էլ չեմ կարողացել պաշտոնյաների հետ կապ հաստատել, այդ թվում Հայաստանի ներկայացուցչի հետ, որ պարբերաբար Լարսում է լինում։ Իբր համար կա, բայց այդ համարը չի պատասխանում։ Չգիտես այստեղ պաշտոնյա կա, գոյություն ունի, թե գոյություն չունի։
Մարդիկ պիտի առաջին հերթին իրենց իշխանություններից պահանջեն, բայց էդ իշխանությունները կոնտակտի դուր չեն գալիս, և բնականաբար մարդիկ վրդովված են։ Որևէ պաշտոնյա չի վերցրել հեռախոսը զանգի վրացական կողմին կամ ռուսական կողմին, հարցնի՝ ինչի՞ համար են այս խնդիրներն առաջացել, ո՞րն է պատճառը։ Մարդիկ ենթադրություններ են անում, թե որն է պատճառը, բայց դրանք միայն ենթադրություններ են»։
Դանիելյանի խոսքով, ՀՀ պաշտոնյաները այցեր են կատարում թե Վրաստան,. Թե Ռուսաստան, բայց տնտեսության համար անչափ կարևոր այս հարցերը չեն քննարկվում, լուծումներ չեն ստանում. «Դրանից առաջ սահմանափակումների հարցն էր, մինչև հիմա ասում են՝ համբերեք մի շաբաթ, երկու շաբաթ, տեսնենք՝ ինչ է լինում։ Արդեն տևական ժամանակ է, ամիսներ շարունակ այդ հարցերը չեն լուծվում, բա ի՞նչ հարցեր են լուծում։ Կամ հետաքրքիր չի իշխանություններին, կամ ի վիճակի չեն լուծելու»։
Հարցին՝ ի՞նչը կարող է լինել պատճառը, որ վրացական կողմը խնդիր է առաջացնում, Գառնիկ Դանիելյանը պատասխանեց. «Դա կարող է քաղաքական լինել։ Վերջին հայտարարությունները, որ այստեղ հնչեցին, երբ որոշ պաշտոնյաներ կասկածի տակ էին դնում Վրաստանի ընտրությունների լեգիտիմությունը, ինչին Վրաստանի Իշխանությունները կոշտ պատասխանեցին։ Կորղ է նաև դա պատճառ հանդիսանա։
Պատճառներից մեկն էլ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունն է, որին ի պատասխան Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակը պատասխանեց, ասելով, որ մենք բարեկամ և հարևան Հայաստանից նման վարքագիծ չէինք սպասում։ Կարծում եմ՝ այստեղ խնդիրը գումարային չէ, քաղաքական է»։



























