Եվրոպական Միության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է հստակ ձևակերպի, թե ինչ է ակնկալում Ռուսաստանից «արդար և կայուն խաղաղության» հասնելու համար, այլ ոչ թե կենտրոնանա Ուկրաինայի վրա տարածքային զիջումների համար ճնշում գործադրելու վրա։
Ըստ նրա՝ ԵՄ-ն պետք է «շրջի սցենարը»՝ Կիևի հնարավոր զիջումների քննարկումից սկսած մինչև Մոսկվայի կատարած պայմանների հստակ ցանկ։ «Ռուսաստանի առավելապաշտական պահանջները չեն կարող բավարարվել նվազագույն պատասխանով»,- ընդգծել է Կալլասը։
Կալլասը հայտարարել է նաև, որ որոշել է սահմանափակել ԵՄ-ում ռուսական առաքելության չափը. այն այժմ չի գերազանցի 40 մարդ։ «Մենք չենք հանդուրժի դիվանագիտական կարգավիճակի չարաշահումը»,- նշել է նա։ Որոշումն, ըստ նրա, կապված է Բրյուսելում ՌԴ ներկայացուցիչների գործունեության նկատմամբ վերահսկողությունը ուժեղացնելու անհրաժեշտության հետ։
Բացի դրանից, եվրոպական դիվանագիտության ղեկավարը հաստատել է, որ ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները Ռուսաստանի դեմ 20-րդ պատժամիջոցների փաթեթի շուրջ չեն կարողացել համաձայնության գալ։
«Սա հետընթաց քայլ է և ազդանշան, որը մենք այսօր չէինք ուզում հղել։ Սակայն աշխատանքը շարունակվում է»,- ասել է Կալլասը։ Նա պարզաբանել է, որ ԵՄ-ն շարունակում է խորհրդակցությունները Հունգարիայի և Սլովակիայի ներկայացուցիչների հետ «տարբեր մակարդակներում»՝ փաթեթն առաջ մղելու համար։
«Դա հեշտ չէ։ Երբեք հեշտ չի լինում, սակայն աշխատանքը շարունակվում է»,- նշել է նա։
«Ես անկեղծորեն ցավում եմ, որ այսօր չկարողացանք համաձայնության գալ, հաշվի առնելով, որ վաղը լրանում է այս պատերազմի սկսելու տխուր տարեդարձը։ Մենք պետք է Ուկրաինային ուժեղ ազդանշան ուղարկենք, որ մենք շարունակում ենք աջակցել նրան՝ միաժամանակ մեծացնելով Ռուսաստանի վրա ճնշումը»։




























