Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը հինգշաբթի օրը՝ փետրվարի 26-ին, կհանդիպի ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է ՌԲԿ-Ուկրաինան։
Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ սա կլինի առաջին երկկողմ հանդիպումը ԱՄՆ ներկայացուցիչների հետ։ «Առաջին հարցը prosperity package-ն է, այսինքն՝ Ուկրաինայի վերականգնման փաթեթը և քննարկվելու են դրա մանրամասները։ Երկրորդ հարցը՝ նախապատրաստվելու են եռակողմ հանդիպմանը, որն արդեն լինելու է Ռուսաստանի մասնակցությամբ և այն, մեր կարծիքով, տեղի կունենա մարտի սկզբին», - ասել է նա։
Բացի այդ, Զելենսկին շեշտել է, որ Ումերովը առաջադրանք է ստացել փոխանակման մանրամասները քննարկելու համար։ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակ Դիանա Դավթյանը լրագրողներին հայտնել է, որ ամերիկացի բանակցողների հետ Ումերովի հանդիպումը տեղի կունենա Ժնևում։




























