Հունվարին և փետրվարին Սոչիի նկատմամբ ռուս զբոսաշրջիկների պահանջարկը նվազել է նախորդ տարվա համեմատ, հաղորդում է «Կոմերսանտը»՝ հղում անելով մի քանի տուրօպերատորների հարցումներին։

Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի փոխնախագահ Սերգեյ Ռոմաշկինի խոսքով՝ զբոսաշրջիկների հետաքրքրությունը Սոչիի նկատմամբ նվազել է 9%-ով։ «Ինտուրիստ» և «OneTwoTrip» ընկերությունները պահանջարկի անկումը գնահատում են 30%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ «Ռուսսկի էքսպրես» տուրօպերատորից հայտնել են, որ փետրվարին Կրասնոդարի երկրամասում հանգստի ամրագրումների թիվն ընդհանուր առմամբ նվազել է 8%-ով։

Որպես պատճառներից մեկը տուրօպերատորները նշում են անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով օդանավակայանի աշխատանքի հաճախակի դարձած սահմանափակումները։ «Կոմերսանտը» նշում է, որ փետրվարի 23-24-ը օդանավակայանը փակվել է հինգ անգամ, ինչը հանգեցրել է չվերթների ուշացումների։ Միևնույն ժամանակ, Սերգեյ Ռոմաշկինի խոսքով, Սոչին ավելի շատ է կախված օդանավակայանից, քան Կրասնոդարի երկրամասի մյուս հանգստավայրերը, քանի որ մեքենայով այստեղ հասնելն ավելի դժվար է՝ Ջուբգայից սկսվող շուրջ 170 կիլոմետր երկարությամբ լեռնային ոլորանների պատճառով։

«Ռուսսկի էքսպրես» տուրօպերատորը Սոչիի նկատմամբ պահանջարկը զսպող ևս մեկ պատճառ է համարում ավիափոխադրումների արժեքը։

Ինչպես նշում է «Կոմերսանտը», Կրասնոդարի երկրամասը մնում է Ռուսաստանի տարածաշրջանային զբոսաշրջային առանցքային շուկաներից մեկը։ «Travelline»-ի տվյալներով՝ դրան բաժին է ընկնում հյուրանոցային վաճառքների 14,3%-ը. ավելի բարձր ցուցանիշ ունի միայն Մոսկվան՝ 21,6%։ Ընդ որում, տուրօպերատորների գնահատմամբ՝ Սոչին ձևավորում է զբոսաշրջային հոսքի առնվազն մեկ երրորդը (30–35%), Անապան՝ 25%-ը, իսկ Գելենջիկը՝ 15%-ը։

Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի փոխնախագահի խոսքով՝ Սոչին շարունակում է մնալ ամենաթանկ ռուսական հանգստավայրը։