Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը Պեկինում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղության շուրջ բանակցություններում անհրաժեշտ է ապահովել բոլոր կողմերի հավասար մասնակցությունը։ Այդպիսով նա ակնարկել է խաղաղ գործընթացում Եվրոպայի ներգրավման անհրաժեշտության մասին։ Այս մասին ասված է Չինաստանի և Գերմանիայի առաջնորդների բանակցությունների արդյունքների վերաբերյալ կոմյունիկեում, հայտնում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ մղվող պատերազմի վերաբերյալ մտքերի փոխանակման ընթացքում Սի Ծինփինը հայտնել է Չինաստանի սկզբունքային դիրքորոշումն այն մասին, որ լուծման որոնման բանալին հետևողական երկխոսության և բանակցությունների մեջ է։

«Կարևոր է ապահովել բոլոր կողմերի հավասար մասնակցությունը բանակցային գործընթացում և ամուր հիմքեր դնել խաղաղության համար, հաշվի առնել բոլոր կողմերի օրինական մտահոգությունները, ուժեղացնել խաղաղության ձգտումը և պայմաններ ստեղծել ընդհանուր անվտանգության կայուն ճարտարապետության կառուցման համար»,- ասել է Չինաստանի առաջնորդը: