Գործը ժամանակին հարուցվել է մեր կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա, այն ժամանակ Պետական վերահսկողական ծառայության մի շարք աշխատակիցների կողմից իրենց ծառայողական լիազորությունները վերազանցելու կասկածով, այդ բոլոր աշխատակիցների գործերը կարճվել են ոչ արդարացման հիմքով։
Այս մասին, այսօր՝ փետրվարի 26–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով նրան, որ 7 տարվա դատական գործընթացից հետո ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանն արդարացվել է, արդյոք չի ստացվում է, որ իր կողմից ներկայացված տեղեկությունները սուտ էին և արդյոք չի պատրաստվում հրապարակավ ներողություն խնդրել Սանասարյանից։
«Այսինքն ըստ էության նրանց մեղավորությունը ապացուցված է։ Ինչ վերաբերում է կոնկրետ Դավիթ Սանասարյանի մասնակցությանը այդ գործընթացներին, դա եղել է իրավապահ մարմինների գնահատականի հարցը։ Ոչ Արսեն Թորոսյանը, ոչ որևէ ցուցմունք տվող անձ, այդտեղ որևէ լիազորություն չունի, և իրավապահ մարմիններն են որոշում այս կամ այն անձին մեղադրանք առաջադրե՞ն, թե՞ չառաջադրեն, դատարանն էլ որոշում է՝ արդարացնե՞լ, թե՞ մեղավոր ճանաչել։
Եվ դատարանի վճիռը բոլորիս համար, ըստ էության, վերջնական ակտ է և այդքանով պետք է սահմանափակվենք։ Ես որևէ մեկին մեղադրանք չեմ առաջադրել»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ փաստորեն, իր ունեցած տեղեկությունները սուտ են եղել, Թորոսյանն արձագանքեց. «Ես չեմ շարունակում, որովհետև դուք ընդհատեցիք ինձ։ Ձեր տեղեկություններն են սուտ, իմ ոչ մի տեղեկություն սուտ չի եղել»։
Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ) 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Մասնավորապես, Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:
Արդարացման դատավճռից հետո Սանասարյանը հայտարարել էր. «Երբ իմ գործով դատավոր նշանակվեց Դավիթ Բալայանը, ես ինչ-որ առումով ուրախացա. իր պահվածք հետ շատ դեպքերում համաձայն չեմ եղել, բայց գիտեի, որ ինքը արդարամիտ է, ու չեն կարողանալու նրա վրա ճնշումներ գործադրել։
Իրավունք չունեմ պահանջելու, որ ինձ վերականգնեն պաշտոնին, քանի որ իմ դիմումի համաձայն եմ դուրս եկել։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել առաջին հերթին ծնողներիս, կնոջս, երեխաներիս, որ այս ծանր տարիներին եղել են կողքիս, փաստաբանական խմբին, որ անշահախնդիր կանգնած է եղել կողքիս, այն քաղաքացիներին, ովքեր այստեղ են եղել բոլոր դատերին, բոլոր նրանց, ովքեր առաջին օրվանից չեն հավատացել այս շինծու գործին»։ Այդ ասելիս Սանասարյանը հուզվել էր։





























