Ռուսաստանը միշտ չէ, որ գործել է անթերի կերպով, հատկապես տեղեկատվական աշխատանքին վերաբերող մասով։ Այս մասին փետրվարի 26-ին Երևանում Գորչակովի հիմնադրամի կողմից կազմակերպված «Եվրասիական երկխոսություն-Հայաստան» միջազգային վերլուծական ծրագրի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
Նրա խոսքով՝ Մոսկվան շարունակում է մնալ Հայաստանի համար կարևոր գործընկեր ոչ միայն անվտանգության ոլորտում, այլև էներգետիկայի, ենթակառուցվածքների և առևտրի բնագավառներում։ Ռուսաստանը խոշոր շուկա է մնում հայկական ապրանքների և աշխատուժի համար։
Անդրադառնալով Արևմուտքի հետ ինտեգրման հեռանկարներին՝ քաղաքագետը նշել է, որ մոտ ապագայում Եվրոպական միությանը անդամակցելը իրատեսական չի թվում։ «Նույնիսկ այն էմիսարները, որոնք ժամանել էին Երևան, խոսում էին 12-ամյա հորիզոնի մասին։ Բայց այդ 12 տարին դեռ պետք է ապրել։ Իսկ դա մի քանի ընտրական ցիկլ է», - նշել է Մարկեդոնովը։
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի հետ հնարավոր փոխգործակցությանը, ապա Հայաստանին կոլեկտիվ անվտանգության լիարժեք համակարգում ընդգրկելու մասին խոսք չկա։ Իսկ արևմտյան գործընկերների հայտարարությունները, ռուս փորձագետի կարծիքով, մեծամասամբ հռչակագրային բնույթ են կրում։
Մեկնաբանելով խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման մասին հնչող հայտարարությունները՝ Սերգեյ Մարկեդոնովը հիշեցրել է, որ փաստաթուղթը դեռ ստորագրված չէ։ Ավելին, այն չի լուծում մի շարք առանցքային հարցեր, այդ թվում՝ Հայաստանի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու վերաբերյալ Ադրբեջանի պահանջը։



























