ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր՝ փետրվարի 26-ին, ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը պետք է կատարի իր խոստումները 2024 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած AZAL-ի ինքնաթիռի ավիավթարի կապակցությամբ, այդ թվում՝ իրավական գնահատական տա կատարվածին և փոխհատուցումներ վճարի։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդները մանրամասն քննարկել են ավիավթարի թեման անցյալ տարվա հոկտեմբերի 9-ին՝ Դուշանբեում կայացած հանդիպման ժամանակ։
«Ռուսական կողմից տրվել են մանրամասն պարզաբանումներ։ Հետևողականորեն աշխատում ենք ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ, ինչի մասին պարբերաբար տեղեկացնում ենք ադրբեջանցի գործընկերներին ինչպես դիվանագիտական լծակներով, այնպես էլ կառավարությունների մասով։ Ի դեպ, պարբերաբար պատասխանում ենք նաև զանգվածային լրատվամիջոցների հարցերին և մեր կողմից դա անում ենք միշտ ընդգծված և հարգալից կերպով։ Մասնավորապես, մանրամասն տեղեկատվություն ենք փոխանցել Բաքվին 2025 թվականի դեկտեմբերի 9-ին՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով խորհրդակցությունների ժամանակ, ինչպես նաև Մոսկվայում Ադրբեջանի դեսպանի հետ 2025 թվականի դեկտեմբերի 29-ին և արդեն ընթացիկ տարվա փետրվարի 12-ին կայացած հանդիպումների ընթացքում։ Ադրբեջանական կողմից առկա է փոխըմբռնում այն մասին, որ այս թեմայով բարձր մակարդակի երկկողմ շփումները մոտ ժամանակներս կշարունակվեն։ Նպատակադրված ենք ամբողջությամբ կարգավորել բոլոր մնացած հարցերը», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Այս կապակցությամբ Զախարովան նաև հիշատակել է «շրջել ողբերգական էջը» արտահայտությունը.
«Կա միայն մեկ «բայց». դա չի նշանակում, թե այս ողբերգությունը կմոռացվի, կամ որ մենք, գիտեք, շրջել ենք էջը, մի կողմ ենք դրել այդ գիրքը և մեր սրտերում չենք պահպանել այդ ողբերգության հիշատակը։ Ո՛չ, մենք նպատակադրված ենք իրապես շրջել մեր հարաբերություններում առկա այդ ողբերգական էջը, բայց ողբերգական իրադարձությունների և զոհված մարդկանց մասին հիշողություններն անշուշտ կմնան։ Եվ ինձ թվում է՝ այստեղ որևէ կասկած չպետք է լինի։
Ես ամեն դեպքում ընդգծում եմ սա, քանի որ գիտեմ, թե ինչպես են սիրում բառախաղեր անել նրանք, ում, մասնավորապես, հանգիստ չի տալիս ռուս-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ Ուստի թող բառախաղեր չանեն։ Մենք միշտ կհիշենք այս ողբերգությունը։ Մենք միշտ կպահպանենք զոհված մարդկանց հիշատակը», - եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։





























