ԱՄՆ, Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումը կարող է տեղի ունենալ մարտի սկզբին ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ժնեւում ամերիկյան եւ ուկրաինական պատվիրակությունների միջեւ խորհրդակցություններից հետո ունեցած իր երեկոյան ելույթում։

«Ես այսօր արդեն մի քանի անգամ խոսել եմ Ռուստեմ Ումերովի, Դավիթ Արախամիայի եւ ԱՄՆ նախագահի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի եւ Ջարեդ Քուշների հետ՝ այսօրվա հանդիպումներից հետո։ Հաջորդ եռակողմ ձեւաչափի համար արդեն ավելի մեծ պատրաստակամություն կա։ Ամենայն հավանականությամբ, հաջորդ հանդիպումը կկայանա ԱՄԷ-ում, հենց Աբու Դաբիում»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ անհրաժեշտ է «ամփոփել իրական անվտանգության երաշխիքների համար ձեռք բերված ամեն ինչ եւ նախապատրաստել հանդիպում առաջնորդների մակարդակով»։

«Պատերազմը պետք է ավարտվի. սա մեր դիրքորոշումն է, սա Ուկրաինայի դիրքորոշումն է, սա մեր բոլոր գործընկերների դիրքորոշումն է։ Բայց, ցավոք, բոլորը հիմա տեսնում են, որ Ռուսաստանը պատրաստ չէ խաղաղության, եւ դեռեւս չկան նշաններ, որ Պուտինը կկանգնեցնի իր ռազմական մեքենան»։ «Ընդհակառակը, նա պատրաստվում է շարունակել պայքարը, եւ աշխարհը պետք է պատրաստ լինի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, որպեսզի դա փոխվի»,- ավելացրել է Զելենսկին։