Մոսկվայի հարավ-արևմուտքում գտնվող բազմահարկ շենքում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով տուժել է երկու մարդ։ Այս մասին հայտնում է «ՌԲԿ»-ն՝ հղում անելով Ռուսաստանի Քննչական կոմիտեին:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյունի հետևանքով կոտրվել են նաև պատուհանները և վնասվել է շենքի ճակատային մասի մի հատվածը:
«Նախնական տվյալներով՝ տուժել է երկու մարդ: Նրանց ցուցաբերվում է որակյալ բժշկական օգնություն», - նշված է հաղորդագրության մեջ:
Քննիչները ստուգում են սկսել՝ տուժած բնակարանում վերանորոգման աշխատանքների իրականացման մասին տեղեկությունները պարզելու համար:
Պայթյունը տեղի է ունեցել Կադիրովի փողոցի 8կ3 հասցեում գտնվող շենքի 15-րդ հարկում:
Այն բնակարանի տիրուհին, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, «Իզվեստիա»-ին պատմել է, որ տուժել են իր ամուսինն ու դուստրը: Դեպքի պահին կինը տանը չի եղել: «Իզվեստիա»-ի աղբյուրը հստակեցրել է, որ տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Ինչպես հաղորդում է «TASS»-ը, արտակարգ պատահարի պատճառ կարող էր դառնալ գազի բալոնը, որն օգտագործվել է ձգվող առաստաղների տեղադրման համար:
Շենքից տարհանվել է 150 մարդ:





























