Մոսկվայի Բասմանի դատարանը սանկցիավորել է «Գազպրոմ նեֆտ» հանրային բաժնետիրական ընկերության (ՀԲԸ) վարչության նախագահի տեղակալ Անտոն Ջալյաբովի կալանավորումը, հայտնում է «Ինտերֆաքսը»։

«Ջալյաբովի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը՝ մինչև ապրիլի 25-ը ժամկետով», — որոշումը հրապարակել է դատավոր Տիմուր Վախրամեևը։

Այսպիսով, դատարանը հիմքեր չի գտել ավելի մեղմ խափանման միջոց ընտրելու համար, ինչի մասին խնդրել էր պաշտպանական կողմը։ Նիստն անցկացվել է դռնփակ ռեժիմով։

Ինչպես սպասվում է, պաշտպանական կողմը կբողոքարկի այսօրվա որոշումը վերաքննիչ ատյանում։

Ավելի վաղ ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը հայտնել է Ջալյաբովի ձերբակալության մասին։

Ոստիկանության տվյալներով՝ 2021-ից 2022 թվականների ընթացքում Ջալյաբովը, զբաղեցնելով «Գազպրոմ ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՍՊԸ) մասնաճյուղի տնօրենի պաշտոնը, «բազմիցս ապօրինի վարձատրություններ է ստացել առևտրային կազմակերպությունների ղեկավարներից»։

«Շարժիչային նավակի և Սոչիում գտնվող բնակարանի տեսքով կաշառքները, որոնց ընդհանուր գումարը կազմում է գրեթե 30 միլիոն ռուբլի, նրան են փոխանցվել «Գազպրոմ ինվեստ» ՍՊԸ-ի հետ կապալառուական աշխատանքների կատարման պայմանագրեր կնքելու և ընդհանուր հովանավորչության համար»,- ասել է Վոլկը։

Ձերբակալվածին մեղսագրվում է ՌԴ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 6-րդ մասը (կաշառք ստանալը)։ Եթե նրա մեղքն ապացուցվի, նրան 8-ից 15 տարվա ազատազրկում է սպառնում (տուգանքով)։

Ջալյաբովը «Գազպրոմ նեֆտ» ՀԲԸ է տեղափոխվել 2023 թվականին՝ սկզբում զբաղեցնելով վարչության նախագահի տեղակալի՝ գլխավոր ինժեների պաշտոնը։ 2024 թվականից, որպես վարչության նախագահի տեղակալ, նա ընկերությունում համակարգել է հետախուզման և արդյունահանման ուղղությունը։

Մինչև «Գազպրոմ նեֆտ»-ը, նա մոտ 19 տարի աշխատել է «Գազպրոմի» տարբեր դուստր ձեռնարկություններում։ 2002-2020 թվականներին անցել է աշխատանքային ուղի՝ նավթի և գազի արդյունահանման օպերատորից մինչև «Գազպրոմ դոբիչա Նադիմ» ՍՊԸ-ի հիմնական միջոցների վերակառուցման և շինարարության կազմակերպման վարչության պետ։ 2020-2021 թվականներին եղել է «Գազպրոմ ինվեստ» ՍՊԸ-ի «Նադիմ» մասնաճյուղի տնօրենը։ 2021 թվականի մարտից եղել է «Գազպրոմ դոբիչա Նոյաբրսկ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենը։