Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը «Cobra» արտակարգ իրավիճակների կոմիտեի նիստ է անցկացրել՝ Իրանին հասցված ամերիկա-իսրայելական օդային հարվածները քննարկելու համար, հայտնում է BBC-ն։
Հեռուստաալիքը շեշտում է, որ Մեծ Բրիտանիան չի մասնակցել հարվածներին։
Կառավարության խոսնակը նշել է, որ կպաշտպանի տարածաշրջանում բրիտանական շահերը։
«Մենք չենք ցանկանում, որ էսկալացիան հետագայում վերածվի տարածաշրջանային ավելի լայն հակամարտության», - ասել է նա։
«Cobra» խորհրդակցությունը արտակարգ իրավիճակների կոմիտե է, որտեղ նախարարներն ու պաշտոնատար անձինք հավաքվում են՝ ստեղծված իրավիճակի առնչությամբ կառավարության գործողությունները համակարգելու համար։ «Չի կարելի թույլ տալ, որ Իրանը միջուկային զենք մշակի և հենց այդ պատճառով մենք մշտապես աջակցում ենք բանակցությունների միջոցով լուծման հասնելու ջանքերին»,— ասել է կառավարության ներկայացուցիչը։ — «Մեր անմիջական առաջնահերթությունը տարածաշրջանում Մեծ Բրիտանիայի քաղաքացիների անվտանգությունն է, և մենք նրանց հյուպատոսական օգնություն կցուցաբերենք»։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը Բահրեյնում, Կատարում, Քուվեյթում և Միացյալ Արաբական Էմիրություններում գտնվող բրիտանացիներին հորդորել է անհապաղ պատսպարվել տեղում՝ հրթիռային հարվածների մասին տեղեկություններից հետո։ Հորդանանում, Սիրիայում, Լիբանանում, Իրաքում, Եմենում, Թուրքիայում, Սաուդյան Արաբիայում և Օմանում գտնվող Միացյալ Թագավորության քաղաքացիներին խորհուրդ է տրվել զգոնություն պահպանել և պատսպարվել, եթե նման հրահանգ տրվի։





























