2025-ի օգոստոսից ադրբեջանական նոր դիրքերի տեղակայում կա Հայաստանի տարածքում, ինչը ՔՊ-ն թաքցնում է, սրանք օբյեկտիվ ապացույցներ են՝ հաստատված արբանյակային լուսանկարներով: Այս մասին, այսօր՝ մարտի 4–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։

«Ակնհայտ է, որ Արցախում նույն բանն էին անում ադրբեջանական իշխանությունները 2021 թվականից սկսած։ Նրանք ռազմավարական առումով բարելավում էին իրենց կոմունիկացիաները՝ ճանապարհներ, դիքերի բարելավումներ, ստելով և թաքցնելով իրականացնում էին այս գործողությունները:

Այն տեղակայումները, որ մենք ցուցադրեցինք, որոնք թաքստոցներ էին, նաև մեր փորձագետների գնահատմամբ դրանք կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության դեմ հնարավոր գործողությունների դեպքում գաղտնի ներթափանցելու համար։

Այս դիրքերը ամբողջությամբ խաթարում են մեր ժողովրդի ու բնակչության անվտանգությունը, Արցախում նույնպես այդպես էին անում՝ իրենց ցուցադրություններով ահաբեկելով ու գործողությունների նախապատրաստվելով: Հայաստանի իշխանությունները թաքցրել են այս փաստը մեր հանրությունից, դրանով փորձել են կոծկել իրենց ձախողումները:

Փաստերից ակնհայտ է, որ երբ Ադրբեջանի իշխանությունները իմացել են օգոստոսի 8-ին այսպես կոչված, խաղաղության պայմանագրի ստորագրման իրադարձությունների մասին, արագ նախաձեռնել են այս գործողությունները՝ ակնհայտ իմանալով, որ ստորագրումից հետո չեն կարողանալու այդպիսի քայլերի դիմել։ ՀՀ իշխանությունները բնականաբար իմացել են այդ մասին և թաքցրել են մեր հանրությունից, ես վստահ եմ՝ թաքցրել են նաև ԱՄՆ–ի գործընկերներից։

Ադրբեջանի իշխանությունը, եթե նպատակ ունի խաղաղություն հաստատել, այս կերպ է՞ հաստատում, որ գնում է ու արագ նախապատրաստվում, որպեսզի ռազմավարական առումով կարողանա Հայաստանի անվտանգության համակարգը խաթարել ևս մեկ անգամ:

Ադրբեջանական իշխանությունը շարունակում է մեր սուվերեն տարածքներից վերահսկողության տակ վերցնել, ու նորից ներխուժել, կտրատել մասեր: Սա այն գինն է, որը այս իշխանությունը խաղաղության համար հռչակել է: Գաղտնի՝ մեր ժողովրդի թիկունքում, նոր ներխուժումներ ու դիրքային բարելավումներ են են տեղի։ Դրա գինն այն է, որ սահմանին չեն կրակում»,- նշել է նա:

Թաթոյանի համոզմամբ՝ ամբողջ այդ սահմանազատման պրոցեսը պարզապես կեղծիք է, ձախողում է, սպեկուլյացիա է, որ թաքցնեն, կոծկեն այս ներխուժումները. «Մեզ 80-ից 100 տարի է պետք այս սահմանազատումներն իրականացնելու համար, դուք կարծում եք, որ Ադրբեջանը այսքան ամրանում է, որ հետո ինչ-որ սահմանազատման հանձնաժողովի առաջարկներով դուրս գա՞։ Տեսեք՝ ինչ խոշոր ամրացումներ են տեղի ունենում, ակնհայտ է, որ դա տեղի չի ունենալու։