Ռուսաստանն Իրանին օգնում է անօդաչու թռչող սարքերով և հետախուզությամբ, ուստի ԱՄՆ-ը պետք է ճնշում գործադրի նրա վրա, լրագրողներին ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը, գրում է The Guardian-ը։
Ըստ Կալասի՝ անհրաժեշտ է գտնել Մերձավոր Արևելքում պատերազմից դուրս գալու ելք, այլ ոչ թե այն ավելի սրել։
«Աշխարհի յուրաքանչյուր երկիր այս կամ այն կերպ տուժել է այդ պատերազմից, ուստի բոլորի շահերից է բխում, որ այդ պատերազմն ավարտվի»,- հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։
Նա նշել է, որ «ԵՄ-ն չի կարող մոռանալ Ուկրաինայի մասին»։
«Մենք պետք է մեծացնենք մեր երկկողմ աջակցությունը [Ուկրաինային], ինչպես նաև Ռուսաստանի վրա ճնշումը՝ այս պատերազմը դադարեցնելու և իսկապես բարի կամքով բանակցելու համար»,- ասել է նա։ Կալլասը նշել է, որ ԱՄՆ աջակցությամբ «մենք կարող ենք վերջ դնել այդ պատերազմին», սակայն նա հատուկ զգուշացրել է Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի տարածքային պահանջների շարունակման դեմ։
«Դա, իհարկե, Ռուսաստանի բանակցելու ձևն է՝ պահանջելով այն, ինչ նրանք երբեք չեն ունեցել»,- ասել է նա։
Կալլասը ընդգծել է նաև, որ երկու հակամարտությունները «շատ սերտորեն փոխկապակցված են», քանի որ «Ռուսաստանը միաժամանակ աջակցում է Իրանին անօդաչու թռչող սարքերով և հետախուզական միջոցներով՝ ամերիկացիներին թիրախավորելու, ամերիկացիներին սպանելու համար»։
«Հետևաբար, եթե Ամերիկան ցանկանում է, որ Մերձավոր Արևելքում պատերազմն ավարտվի, իսկ Իրանը դադարեցնի իր վրա հարձակվելը, նրանք պետք է նաև ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա՝ կանխելու համար, որ Մոսկվան օգնի [Իրանին]»,- հավելել է ԵՄ գլխավոր դիվանագետը։





























