ԱՄՆ սենատորներ Ջին Շահինը (դեմոկրատ, Նյու Հեմփշիր) եւ Թոմ Թիլիսը (հանրապետական, Հյուսիսային Կարոլինա) պատրաստել են օրինագիծ, որը պատժամիջոցներ կսահմանի հունգարացի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, հաղորդել է Financial Times-ը (FT):

Թերթի տեղեկացմամբ՝ օրինագիծը թիրախավորում է այն պաշտոնյաներին, ովքեր խոչընդոտել են Ուկրաինային «պատերազմական վարկի» տրամադրմանը: Եթե այն ընդունվի, ԱՄՆ-ը ֆինանսական պատժամիջոցներ կկիրառի Հունգարիայի նկատմամբ եւ կարգելի վիզաներ տրամադրել հունգարացի բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք կողմ են Կիեւին աջակցությունը դադարեցնելուն:

«Եթե մենք ցանկանում ենք վերջ դնել հակամարտությանն Ուկրաինայում, Թրամփի վարչակազմը պետք է հետեւողականորեն նույն չափանիշները կիրառի մեր դաշնակիցների նկատմամբ: Ոչ ոք, հատկապես Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, չպետք է արտոնյալ վերաբերմունք ստանան»,- թերթը մեջբերել է Շահինի խոսքերը:

Նշվել է, որ վերանայված օրինագծի մեջ, որին ծանոթացել է FT-ն, Օրբանը չի նշվում որպես պատժամիջոցների թիրախ։ Թրամփի վարչակազմը կորոշի, թե որ հունգարացի պաշտոնյաներն են ներգրավված «Ուկրաինային օգնության ուշացման» մեջ։

Մարտի 19-ին, Կիեւի կողմից ռուսական նավթի տարանցման կասեցմանն ի պատասխան, Հունգարիայի վարչապետը եւ նրա սլովակ գործընկեր Ռոբերտ Ֆիցոն արգելափակեցին Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի «պատերազմական վարկի» տրամադրումը եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի հաստատումը ԵՄ գագաթաժողովում։ Ինչպես նշվել է Բրյուսելի հանդիպման հայտարարության մեջ, այդ միջոցները, որոնք պահանջում էին կոնսենսուս, աջակցվել են ԵՄ 27 երկրներից 25-ի կողմից, եւ, հետեւաբար, «Եվրոպական խորհուրդը կվերադառնա այս հարցին իր հաջորդ նիստում»։