Ռուսաստանն անօդաչու թռչող սարքերի խմբաքանակ է ուղարկել Իրան, ներառյալ՝ ԱԹՍ տեխնոլոգիաների արդիականացված տարբերակները, որոնք Թեհրանն ի սկզբանե մատակարարել էր Մոսկվա՝ Ուկրաինա ներխուժումից հետո։ Այս մասին Associated Press-ին հայտնել են ԱՄՆ-ի և Եվրոպայի պաշտոնյաները:
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումից հետո Թեհրանն արդեն մեկ ամսից ավելի է, ինչ անօդաչուներով հարվածներ է հասցնում Իսրայելին, Պարսից ծոցի իր հարևաններին և Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաներին։ Իրանն ունի «Շահեդ» տեսակի անօդաչուների սեփական պաշարներ, սակայն Ռուսաստանն ուկրաինական պատերազմի ընթացքում կատարելագործել է դրանց կառուցվածքը՝ ներառյալ նավիգացիոն հնարավորությունների բարելավումը, գրել է գործակալությունը:
Եվրոպական հետախուզության ներկայացուցիչը AP-ին հայտնել է, որ ռուս և իրանցի պաշտոնյաներն այս ամիս «շատ ակտիվ» քննարկումներ են անցկացրել Ռուսաստանից Իրանին անօդաչուների փոխանցման վերաբերյալ։
ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ պարզ չէ՝ այս մատակարարումը միանգամյա բնույթ է կրում, թե ոչ։ Պաշտոնյաներից և ոչ մեկը չի կարողացել հստակեցնել, թե որքանով է կարևոր այս մատակարարումը և քանի անօդաչու թռչող սարք է ուղարկվել։
Եվրոպացի մեկ այլ պաշտոնյա նշել է, որ անօդաչուների փոքր քանակությունը էական ազդեցություն չի ունենա պատերազմի ելքի վրա։
ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հավելել է նաև, որ անհասկանալի է Թեհրանին ավելի կատարելագործված անօդաչուներ տրամադրելու Մոսկվայի դրդապատճառը՝ հաշվի առնելով, որ Իրան ուղարկված յուրաքանչյուր զինամթերք Ռուսաստանն այլևս չի կարողանա գործադրել Ուկրաինայի դեմ։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Օլիվիա Ուեյլսը AP-ին հայտնել է, որ «որևէ այլ երկրի կողմից Իրանին տրամադրված ոչ մի բան չի ազդի մեր օպերատիվ հաջողության վրա»։ Ինչպես նա է նշել՝ ամերիկյան զինուժը խոցել է ավելի քան 10 000 թիրախ և ոչնչացրել Իրանի ավելի քան 140 ռազմածովային նավ, ինչը հանգեցրել է Իրանի կողմից հրթիռային և անօդաչուների հարձակումների 90 տոկոս կրճատման։
Եվրոպացի պաշտոնյան նշել է, որ իրենց հետախուզական տվյալները թույլ են տալիս ենթադրել, որ անօդաչուների խմբաքանակն արդեն ճանապարհին է, սակայն նրանք չեն կարող հաստատել, թե հատկապես ինչպես են դրանք տեղափոխվում։ Բեռնատարների երկու շարասյուն, որոնց բեռը Ռուսաստանը ներկայացրել է որպես մարդասիրական օգնություն, Ռուսաստանից Իրան են հասել Ադրբեջանի տարածքով, և հնարավոր է, որ հենց դրանցում են անօդաչու սարքեր եղել, ասել է եվրոպացի պաշտոնյան։





























