Ընդդիմության ներկայացուցիչները քննադատել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ռասիզմի նկատմամբ հանդուրժողականության համար՝ այն հեռուստահաղորդումից հետո, ըստ որի նրա նոր մամուլի քարտուղարը (որը փոխարինել է նախկին քարտուղար Զիվ Ագմոնին) անցյալում հանդես է եկել մոլեռանդ և կանխակալ հայտարարություններով. հայտնում է Times of Israel-ը:
Ըստ 12-րդ ալիքի, Նեթանյահուի հաջորդ ներկայացուցիչը կդառնա «Լիկուդի» ակտիվիստ և կենդանիների իրավունքների պաշտպան Թալ Գիլբոան, ում քննադատում են, ի թիվս այլոց, ռուսների, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների և մսակերների հասցեին հրապարակային հարձակումների համար։
Երեկվա հաղորդման մեջ հեռուստաալիքը մեջբերել է Գիլբոայի խոսքը, թե նա արյուն չէր հանձնի լեյկեմիայով տառապող տարեց պացիենտին, քանի որ նա բուսակեր չէ, ինչպես նաև քաղցկեղով հիվանդ 8-ամյա երեխային՝ հայտարարելով, որ եթե մսակերի մահը «նվազ տառապանք» է։
Հաղորդվում է, որ նա նաև սոցցանցի օգտատիրոջն անվանել է «նողկալի գեյ», իսկ ռուսներին՝ «գարշելի»։ Բացի այդ, Գիլբոան բազմիցս բախվել է ընդդիմադիր ակտիվիստների հետ և Գազայում իսրայելցի պատանդների ազատ արձակման կոչ անող ցուցարարներին անվանել «պոռնիկներ»։ Նշվում է, որ Գիլբոան ազատ արձակված պատանդ Գայ Գիլբոա-Դալալի ազգականն է։
Գիլբոայի առաջիկա նշանակման մասին լուրին ի պատասխան՝ ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը սոցցանցերում գրել է, որ Նեթանյահուն «մարոկկացիների նկատմամբ ռասիստին փոխարինեց ռուսների նկատմամբ ռասիստով»։
«Նման հայտարարությունները տեղ չունեն Իսրայել Պետությունում 2026 թվականին, և առավել ևս՝ վարչապետի աշխատակազմում։ Այս նշանակումն արմատապես սխալ է»,- գրում է Լապիդը։ Ավիգդոր Լիբերմանի «Իսրայել բեյթենու» կուսակցությունը, որը ներկայացնում է բազմաթիվ ռուսախոս ընտրողների, իր հերթին հայտարարել է, որ «կարծես թե ռասիզմը Նեթանյահուի մոտ պաշտոն ստանձնելու պայման է»։