Հակաօդային պաշտպանության Patriot համակարգերի համար նախատեսված հրթիռներն այժմ ուղղվում են Մերձավոր Արևելք, իսկ Ուկրաինայի մասին սկսել են մոռանալ։ Այս մասին հայտնել է Վլադիմիր Զելենսկին։

«Մենք առավելագույնս տեսնում ենք, թե ինչպես են գործընկերները բոլոր հակաբալիստիկ փաթեթներն ուղղում այնտեղ, որտեղ այսօր ամենաթեժն է՝ նախևառաջ Մերձավոր Արևելք։ Ցավոք, երբեմն մոռանում են Ուկրաինայի մասին։ Մենք բոլորին հիշեցնում ենք դա», - ասել է նա»։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պարսից ծոցի արաբական երկրներ կատարած այցի ընթացքում բարձրացրել է ուկրաինական որսիչ-դրոնները Patriot-ի հրթիռների հետ փոխանակելու թեման՝ Զելենսկին դրական պատասխան է տվել, սակայն հավելել է, որ չի կարող մանրամասներ հայտնել։ Նա նաև նշել է, որ Ուկրաինան Patriot-ի որսիչ-հրթիռների մշտական դեֆիցիտ ունի, քանի որ ԱՄՆ-ում, նրա խոսքով, ամսական արտադրվում է ընդամենը 60 միավոր, ինչը բավարար չէ բոլոր կարիքները հոգալու համար։ «Անհրաժեշտ է հնարավորինս շուտ այլընտրանք փնտրել։ Մենք բանակցություններ ենք վարում երկու երկրների հետ, որպեսզի նման հնարավորություն ստեղծվի», - հավելել է նա։

Մերձավոր Արևելք կատարած այցի ընթացքում քննարկված այլ թեմաների թվում Զելենսկին նշել է արաբական միապետություններին հեռակառավարվող մոտորանավակների մատակարարումը՝ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակման համատեքստում։ «Այո, պայմանավորվել ենք [դրա շուրջ]։ Դա մտնում է մեր պայմանավորվածությունների համակարգի մեջ», - ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։