Նովոսիբիրսկի, Արխանգելսկի, Վոլգոգրադի, Օմսկի և Ուդմուրտիայի մարզերի ագարակատերերը ժամանել են Մոսկվա՝ նախագահ Վլադիմիր Պուտինից պահանջելու մարզերում դադարեցնել անասունների զանգվածային բռնագրավումը և սպանդը, գրում է ընդդիմադիր The Moscow Times-ը:
«Համառուսաստանյան գյուղատնտեսական խորհրդի» հովանու ներքո ակտիվիստները հավաքել են ավելի քան 31 հազար 300 ստորագրություն՝ նախագահական գրասենյակին և յոթ այլ մարմիններին իրենց պահանջը ներկայացնելու համար, գրում է կազմակերպության թելեգրամյան ալիքը:
«Գուցե ինչ-որ բան վերջապես դուրս գա փակուղուց, և մեր նախագահը կլսի մեզ՝ ամբողջ երկրին, թե ինչ է կատարվում գյուղատնտեսության ոլորտում, թե ինչպես են մեզ ոչնչացնում Ռուսաստանի բոլոր մարզերում: Որքա՞ն դեռ կարող ենք հանդուրժել դա: Ինչո՞ւ պետք է լռենք»,- հայտարարել է տուժածներից մեկը:
Ըստ նրա՝ մարդկանց վրդովմունքը «նման անօրինականության նկատմամբ» սահմաններ չունի:
Մեկ այլ ռուսաստանցի կին, 30 տարվա աշխատանքային փորձ ունեցող ագարակատեր, բողոքել է, որ իշխանությունները մորթել են իր բոլոր «միանգամայն առողջ» անասուններին, երբ ինքը բացակայել է։ «Եթե մեր նախագահը մեզ չօգնի, էլ ո՞վ պիտի օգնի։ Ես արդեն դիմել եմ, այսպես ասած, վերջին ատյանին։ Մենք մնացել ենք կարիքավոր, անօթևան։ Մեր գյուղում բոլորը անասունները մորթվել են։ Գյուղը լքված է, անապատի պես. ոչ մի անասուն բառաչում կամ չի խռռացնում»,- նշել է նա։
Անասնապահության զանգվածային բռնագրավումը և մորթը մի քանի շրջաններում սկսվել է փետրվարին։ Երկու ամսից էլ պակաս ժամանակահատվածում Նովոսիբիրսկի, Օմսկի, Պենզայի, Տոմսկի և Սամարայի մարզերում, Խակասիայում, Կալմիկիայում, Ուդմուրտիայում և Ալթայի երկրամասում մորթվել է 90 հազար 500 գլուխ անասուն, հաշվարկել են «Վերլուծություն. Բիզնես. Իրավունք» կենտրոնում։ Կազմակերպությնա գնահատմամբ՝ ագարակատերերին ուղղակի վնասը կազմել է 1,59 միլիարդ ռուբլի, իսկ լրացուցիչ կորուստները՝ 368,2 միլիոն ռուբլի։
Միևնույն ժամանակ, իշխանությունները թաքցնում են անասունների մորթի ճշգրիտ պատճառը։ Օրինակ՝ Նովոսիբիրսկի մարզում, որտեղ հայտարարվել էր արտակարգ դրություն և խիստ կարանտին՝ պարիսպներով և տեղաշարժի սահմանափակումներով, ագարակատերերին տեղեկացվել էր կենդանիների շրջանում տարածվող «նոր» հիվանդության մասին, սակայն հիվանդության անունը չեն նշել։
ԱՄՆ Արդարադատության նախարարության տվյալներով՝ խոսքը, ըստ ամենայնի, դաբաղի մասին է, որի բռնկումը հանգեցնում է մսի արտահանման նմանատիպ միջոցառումների և սահմանափակումների։ Նովոսիբիրսկի մարզի խոշոր գյուղատնտեսական հոլդինգում «Նովայա գազետա. Եվրոպա»-ի աղբյուրը ևս հաստատել է դա։




























