Մերձավոր Արևելքում տիրող հակամարտությունն ուղղակիորեն ազդում է էներգետիկ շուկաների վրա, իսկ ռեսուրսների մատակարարման անվտանգությունը դառնում է որոշիչ գործոն։ Այս մասին միջազգային տրանսպորտային-լոգիստիկ ֆորումի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «TASS»-ը։

«Իրանում տեղի ունեցող իրադարձություններն արդեն իսկ ուղղակի ազդեցություն են ունենում էներգետիկ շուկաների և Հորմուզի նեղուցով նավթի ու գազի տեղափոխման վրա», - նշել է Ռուսաստանի առաջնորդը: «Ավելի ու ավելի շատ պետություններ ու ընկերություններ են սկսում մտածել ոչ միայն փոխադրումների արագության և արժեքի, այլև տրանսպորտային երթուղիների ու լոգիստիկ շղթաների անվտանգության և կայունության մասին, որոնք նվազ խոցելի են ճգնաժամերի, ռազմական հակամարտությունների և արտաքին այլ ռիսկերի նկատմամբ»։

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Ռուսաստանը կարող է անվտանգ ու հուսալի տրանսպորտային-լոգիստիկ երթուղիներ առաջարկել աշխարհին։

Նա նշել է, որ դա առավել կարևոր է դառնում Մերձավոր Արևելքում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների համատեքստում։

«Ռուսաստանը կարող է աշխարհին նման լուծումներ առաջարկել և կարևոր դերակատարում ունենալ գլոբալ լոգիստիկայի ու ընդհանուր միջազգային առևտրի նոր ճարտարապետության ձևավորման գործում», - նշել է Ռուսաստանի առաջնորդը՝ անդրադառնալով ներկա պայմաններում մատակարարումների համար անվտանգ երթուղիների անհրաժեշտությանը։

Պուտինի խոսքով՝ Մոսկվայի գործընկերների համար «ռուսական լոգիստիկ երթուղիները կարող են շահավետ լինել թե՛ տնտեսապես՝ փոխադրման ժամկետների կրճատման շնորհիվ, և թե՛ գլոբալ տրանսպորտային հոսքերի դիվերսիֆիկացման տեսանկյունից»։