Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է փոխգործակցել Երևանի հետ «հիբրիդային սպառնալիքներին» դիմակայելու ոլորտում, եթե հայկական կողմը համապատասխան հետաքրքրություն ցուցաբերի։
Այսպես է նա մեկնաբանել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի խոսքերը, ով նշել էր, որ Երևանը չի բացառում այս բնագավառում ռուսական փորձից օգտվելու հնարավորությունը։
Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանն ունի լայն հնարավորություններ, սակայն նման համագործակցությունը ենթադրում է կողմերի փոխադարձ հետաքրքրվածություն։ Համապատասխան հարցման դեպքում Մոսկվան պատրաստ է արձագանքել, այդ թվում՝ տեղեկատվության պաշտպանության, կիբերխարդախության դեմ պայքարի և միջազգային հարթակներում փոխգործակցության ուղղություններով։
Դիվանագետն ընդգծել է, որ Ռուսաստանը կարող է ոչ միայն կիսվել փորձագիտական գնահատականներով, այլև գործնական համագործակցություն հաստատել մի շարք ոլորտներում։ Նա նշել է, որ ՌԴ ԱԳՆ-ում գործում է մասնագիտացված ստորաբաժանում, ինչպես նաև կան այլ գերատեսչություններ, որոնք զբաղվում են այս ոլորտով։




























