NEWS.am–ը ներկայացնում է դոկտոր Էհսան Մովահեդիանի հոդվածը՝ ամբողջությամբ։
«Վերջին տարիներին բազմիցս ականատես ենք եղել Իսրայելի բնակիչների կողմից Երուսաղեմում բնակվող հայերի նկատմամբ վիրավորանքների, այդ թվում՝ Երուսաղեմի հայկական եկեղեցիների հոգևորականների հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունների, նրանց գույքի նկատմամբ իրականացված վանդալիզմի, ինչպես նաև Իսրայելի խորքային աջակցությանը Բաքվի հակահայկական քաղաքականությանը և այդ երկրի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացված ագրեսիային։
Զարմանալին այն է, որ Հայաստանի որոշ սահմանափակ թվով փորձագետներ, այդ թվում՝ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, փորձ են անում արդարացնել Իսրայելի ռազմական համագործակցությունը Ադրբեջանի հետ 44-օրյա պատերազմի ընթացքում և հիմք են ստեղծում Հայաստանի ու Իսրայելի միջև հարաբերությունների վերականգնման համար՝ հայկական լրատվամիջոցներում ներկայացնելով կեղծ և իրականությունից հեռու պնդումներ։
Վերջին հարցազրույցում նա կոչ է արել Հայաստանին զենք գնել Իսրայելից։ Զարմանալի է, որ մի հայ, հաշվի չառնելով այն փաստը, որ Իսրայելը մեծածավալ սպառազինություն է մատակարարել Բաքվին, ինչը հանգեցրել է հազարավոր հայերի սպանությանը, կարող է նման գաղափար առաջ քաշել և չհասկանալ, որ ոչ մի երկիր զենք չի գնում իր երդվյալ թշնամուց։
Արդյո՞ք Հայաստանի պաշտոնյաները ցանկանում են նման քայլերով հանգեցնել իրենց նկատմամբ Իրանի անվտտահությսն ձևավորմանը և քայլել այն ճանապարհով, որը նախկինում անցել է Բաքուն՝ կորցնելով իր անկախությունը, վերածվելով Իսրայելի գաղութի, երկրի բոլոր ռեսուրսները տրամադրելով Իսրայելին և սեփական ժողովրդին զրկելով դրանցից։
Արդյո՞ք ճիշտ է Հայաստանի և Իսրայելի հարաբերությունների խորացումն այն պայմաններում, երբ Իսրայելը մշտապես գրաքննության է ենթարկել Հայոց ցեղասպանության մասին պատմական նարատիվը, որպեսզի մեդիա դաշտում գերիշխող լինի Հոլոքոստի գաղափարը։
Հայաստանը չի կարող համագործակցել Իսրայելի հետ, երբ նա առերեսվում է այն պետությունների հետ, որոնք ձգտում են խաթարել նրա ինքնությունն ու քաղաքակրթական հիմքերը և հայ ժողովրդի 3000-ամյա քաղաքակրթությունը վերացնելու նպատակով խոսում են Հայաստանի՝ «թյուրքական աշխարհին» միանալու անհրաժեշտության մասին։ Քանի որ հենց Իսրայելն է կրում նույն գաղափարախոսությունը և հանդիսանում է թյուրքական աշխարհի ուժեղացման կողմնակից՝ Իրանի և Հայաստանի գեոպոլիտիկ օղակման նպատակով։ Այս գործընթացը ծանր հարված կլինի նաև հենց Հայաստանի համար, քանի որ Իսրայելի հետ հնարավոր համագործակցությամբ Հայաստանը կարող է հանգել իր արտաքին աշխարհի հետ ունեցած միակ անվտանգ ցամաքային սահմանի՝ Իրանի հետ սահմանի կորստին։
Իրանը ի վիճակի է Հայաստանի տրամադրել ամենաառաջադեմ տեխնոլոգիաները տարբեր ոլորտներում, և ճանապարհաշինության, տեխնիկական և ինժեներական ծառայությունների ու այլ ոլորտներում իրանական ընկերությունների ձեռքբերումները Հայաստանում դրա վկայությունն են։
Հայաստանում ազգային ինքնության և քաղաքակրթական բաղադրիչների ամրապնդումը պետք է լուրջ ուշադրության արժանանա։ Թեև տրամաբանական է, որ Հայաստանը ձգտում է բազմազանություն ունենալ իր տնտեսական, առևտրային և անվտանգության գործընկերների շրջանում, արդուհանդերձ տրամաբանական չէ այդ նպատակով ընտրել այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իսրայելը, որոնք հնարավորության դեպքում չեն վարանի ոչնչացնել այդ երկրի անկախ ինքնությունը։
Հայերը պետք է հպարտանան իրենց 3000-ամյա պատմությամբ, ազգային հերոսներով, լեզվով ու գրով և անկախ հայկական եկեղեցով, ջանքեր գործադրեն այս պատմական, ինքնութենական և քաղաքակրթական ժառանգությունը փոխանցելու երիտասարդ սերնդին և չկարծեն, թե Իսրայելի ու Արևմուտքի կողմից Հայաստանին տրված ժամանակավոր բարեկեցության խոստումները լինելու են մշտական։
Անկախությունը չպետք է շփոթել մեկ կամ մի քանի արտաքին ուժերի վրա լիակատար հենվելու հետ։ Այս սխալ մոտեցումը նախկինում արդեն առկա է եղել Ռուսաստանի նկատմամբ, և եթե այն կրկնվի ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների՝ Իսրայելի և Թուրքիայի հետ, հետևանքները կլինեն կործանարար։ Հայաստանը չպետք է ամբողջությամբ ընդգրկվի որևէ ինքնութենական-անվտանգային բլոկի մեջ՝ լինի դա թյուրքական աշխարհը, ռուսական եվրասիական տարածքը, թե ՆԱՏՕ-ն։
Մյուս կողմից, Իրանը նույնպես պետք է ավելի լուրջ քայլեր ձեռնարկի Հայաստանի հետ տնտեսական փոխկապակցվածության խորացման և այդ երկրի կարիքների բավարարման ուղղությամբ։ Կովկասի հարցերով մասնագետները բազմիցս ընդգծել են կայուն վառելիքի մատակարարման և այլ պատշաճ ուշադրության չարժանացած տնտեսական ոլորտներում համագործակցության անհրաժեշտությունը։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը և Օմանի ծոցից մինչև Վրաստան ամբողջական միջանցքային ցանցի ստեղծումը կարող են ապահովել երկու երկրների փոխադարձ շահերը։
Իրան-Հայաստան ռազմավարական հարաբերությունների վերակառուցումն ու երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական համաձայնագրի ստորագրումը կարևոր նշանակություն ունեն։ Իրանը Հայաստանի միակ հարևանն է, որը չի հետապնդում հայկական ինքնության վերացման ծրագիր, չի պատկանում ագրեսիվ թյուրքական աշխարհին և աջակցում է Իրանի ու Հայաստանի միջև ուղղակի ցամաքային կապին։ Իր անկախությունը պահպանելու համար Հայաստանին անհրաժեշտ է խորացնել Իրանի հետ համագործակցությունը էներգետիկայի, տարանցման և սահմանային անվտանգության ոլորտներում և դիմակայել Թեհրանի հետ հարաբերությունների կրճատման ուղղությամբ Արևմուտքի ճնշումներին, քանզի ցամաքային սահմանի խզումը կամ Իրանի հետ հարաբերությունների թուլացումը նշանակում է Հայաստանի մահաբեր շրջափակում թյուրքական աշխարհի և նրա հովանավորների, այդ թվում՝ Իսրայելի կողմից։
Պանթյուրքական և սիոնիստական ինքնութենական նախագծերին հստակ «ոչ» ասելը պետք է դառնա Հայաստանի օրակարգի առանցքային կետերից մեկը։ Հայաստանը պետք է պաշտոնապես և հրապարակայնորեն մերժի թյուրքական աշխարհի մեջ մշակութային և քաղաքակրթական ինտեգրման գաղափարը և ցանկացած դիտորդական անդամակցություն, «փափուկ» մասնակցություն կամ համատեղ ինքնութենական մշակութային նախագիծ Իսրայելի, Թուրքիայի և Բաքվի հետ հայտարարի որպես իր կարմիր գիծ։
Անկասկած սկզբում օրակարգ կմտցվի Իսրայելի, Բաքվի և Թուրքիայի հետ տնտեսական համագործակցությունը, ապա դրան կհաջորդի մշակութային ներթափանցումը, իսկ վերջնական փուլում տեղի կունենա Հայաստանի պատմության վերաշարադրումն ու կեղծումը այնպիսի ձևով, որ ապագա սերունդները աստիճանաբար կմոռանան իրականությունը։
Հայաստանի քաղաքական գործիչները պետք է իրենց ազգային անվտանգությունը սահմանեն ինքնուրույն, այլ ոչ միջնորդավորված կերպով՝ կապելով այն անկանխատեսելի ու փոփոխական անձանց հետ, ինչպիսիք են Թրամփն ու Նեթանյահուն։ Հայաստանը չպետք է իր բանակը վերածի Իսրայելի կամ Արևմուտքի անվտանգության կապալառուի, ինչպես նաև չպետք է իր անվտանգությունը վստահի Թրամփի բանավոր «երաշխիքներին» կամ Նեթանյահուի դատարկ խոստումներին։ Այս հարցում Իրանը, ինչպես միշտ, կարող է արդյունավետ դեր խաղալ և օգնել Հայաստանին ստեղծել սեփական պաշտպանական զսպման համակարգ։ Չպետք է մոռանալ, որ հենց Իրանը միակ երկիրն էր, որը, առանձին և համատեղ զորավարժություններ իրականացնելով Հայաստանի հետ և տասնյակ անգամներ ընդգծելով երկու երկրների սահմանների պահպանման անհրաժեշտությունը՝ փաստել է իր լրջությունն այս հարցում։ Պետք է նաև հիշել՝ այն պետությունը, որը չի կարող պաշտպանել իրեն, ի վերջո ստիպված է լինելու սակարկել իր ինքնությունը։
Հայաստանը հետ է մնում նաև նարատիվների պատերազմում և հանդես է գալիս պասիվ դիրքերից։ Մինչ Բաքուն պարբերաբար առաջ է մղում «Արևմտյան Ադրբեջան» գաղափարը՝ Հայաստանի տարածքում սեփական քաղաքացիներին վերաբնակեցնելու նպատակով, Հայաստանի պաշտոնյաները հիմնականում սահմանափակվում են այդ անհեթեթությունների դիտորդի դերով։ Այս պայմաններում հայկական նարատիվը չպետք է մնա պաշտպանական, զգացմունքային և միայն անցյալին կցված։ Հայկական քաղաքակրթությունը՝ որպես Կովկասը, Միջերկրական ավազանը և Իրանը միացնող կամուրջ, պետք է վերաիմաստավորվի և ակտիվորեն ներկայացվի իրանական, հայկական և արևմտյան համալսարաններում, ուղեղային կենտրոններում և մեդիա հարթակներում։ Երկու երկրները պետք է դաստիարակեն նոր սերնդի դիվանագետներ և նարատիվ ձևավորողներ, որոնք կդառնան փափուկ ուժի առաջամարտիկներ։ Իրանի և Հայաստանի միջև համագործակցության և բարեկամության հետագա ամրապնդման հույսով»։


























