Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Եվրոպային կոչ է արել անհապաղ վերացնել ռուսական էներգամատակարարման վրա դրված պատժամիջոցները՝ իր տնտեսությունը «պատմության ամենալուրջ տնտեսական ճգնաժամերից մեկից» պաշտպանելու համար, որն առաջացել է Իրանի հետ պատերազմի հետևանքով, գրում է The Guardian-ը։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի նախազգուշացմանն ի պատասխան, ըստ որի Թրամփի և Օրբանի վերջին գործունեությունը նման է «Պուտինի երազանքի ծրագրին», հունգարացի առաջնորդը սաստկացրել է ԵՄ քաղաքականության մեջ ռուսամետ փոփոխություններ անելու կոչերը, ընդգծում է բրիտանական լրատվամիջոցը։
«Մենք պետք է մտածենք ոչ թե Պուտինի, այլ մեր երկրների և ժողովուրդների մասին։ Պատերազմ հրահրելու փոխարեն, սիրեք և փրկեք ձեր երկիրը, Դոնալդ»,- ասել է Օրբանը՝ դիմելով լեհ վարչապետին։
Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքը «Պուտինի կատարյալ ծրագիր» է հիշեցնում:
«ՆԱՏՕ-ի փլուզման սպառնալիքը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը, Եվրոպայում լայնածավալ էներգետիկ ճգնաժամը, Ուկրաինային օգնության դադարեցումը և Կիևին վարկ տրամադրելու Օրբանի արգելափակումը՝ այդ ամենը Պուտինի իդեալական ծրագիր է թվում»,- նշել էր Տուսկը։





























