Seda-e Afghan Telegram ալիքի փոխանցմամբ՝ աֆղանական և պակիստանյան ուժերի միջև ինտենսիվ մարտերը վերսկսվել են հինգշաբթի երեկոյան՝ այսպես կոչված Դուրանդ գծի երկայնքով (Աֆղանստանի և Պակիստանի միջև սահմանը, որը չի ճանաչվում Քաբուլի կողմից) և շարունակվել են ուրբաթ առավոտյան։
«Պակիստանյան ուժերի կողմից հրետանային կրակոցներին ի պատասխան՝ Աֆղանստանի Իսլամական Էմիրության ուժերը հարձակվել են նրանց դիրքերի վրա Դուրանդ գծի երկայնքով՝ Խոստ և Պակտիա նահանգներից», - ասվում է հաղորդագրության մեջ։
Telegram ալիքի փոխանցմամբ՝ զոհվել է առնվազն երեք պակիստանցի զինվոր, և ոչնչացվել են մի քանի պակիստանյան անցակետեր։
Աֆղանստանի գերագույն առաջնորդի խոսնակի տեղակալ Համդուլլահ Ֆիտրատը հայտնել է, որ հինգշաբթի երեկոյան պակիստանյան ուժերը ինտենսիվ ականանետային և հրթիռային հարձակումներ են սկսել աֆղանական Կունար, Պակտիկա և Խոստ նահանգների վրա։ Աֆղանստանի քաղաքացիական թիրախների վրա հարձակումներում օգտագործվել են նաև անօդաչու թռչող սարքեր։
«Դրա հետևանքով զոհվել է երկու քաղաքացիական անձ և վիրավորվել 25-ը, որոնց մեծ մասը երեխաներ են», - Ֆիտրատի խոսքերն է մեջբերել Alemarah լրատվական պորտալը։
Փոխխոսնակը նշել է, որ Կունար նահանգի Սարկանո և Մարավարա շրջանների գյուղերում ընկել է 155 ականանետային և հեռահար հրետանային արկ, որի հետևանքով վիրավորվել է երկու երեխա և ոչնչացվել է մեկ մեքենա։ Տասնյակ արկեր ևս ընկել են Նավապաս և Դու Սարակի գյուղերում, որտեղ վիրավորվել է ութ երեխա, իսկ երկուսը՝ զոհվել։ Պակտիկա նահանգում Շաքին շրջանում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով վիրավորվել է երեք քաղաքացիական անձ։
«Հինգշաբթի երեկոյան պակիստանցի զինվորականները ևս 185 հեռահար հրետանային արկ են արձակել Կունար նահանգի Սարկանո շրջանի վրա, որի հետևանքով վիրավորվել է 10 քաղաքացիական անձ։ Եվս 178 արկ է ընկել Կունար նահանգի Մարավարա, Դանգամ, Նարայի և Շելտան շրջաններում, չնայած այդ տարածքներից զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան», - բացատրել է Ֆիտրատը։





























