Արմավիրի բժշկական կենտրոնում, որտեղի բժիշկների անփութության պատճառով երեք մարդ էր մահացել, տեղ գտած իրավախախտումները բացառելու եւ միջոցառումներ ձեռնարկելու հարցը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահարմանյանի ուշադրության ներքո է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

Նա նշեց, որ Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ Ա. Սահակյանից ստացել է միջնորդագիր, որպեսզի քննարկվի «Արմավիրի բժշկական կենտրոնում» տեղ գտած իրավախախտումները բացառելու հանգամանքը եւ ձեռնարկված միջոցների մասին մեկամսյա ժամկետում տեղեկացվի մարզի դատախազությանը:

Աշոտ Ղահրամանյանը նկատեց, որ խնդիր իրենց ուշադրության կենտրոնում է ներկա պահին քննարկումներ են ընթանում, իսկ ձեռնարկված միջոցառումների մասին խոստացավ պատասխանել գրավոր:

Հիշեցենք, որ ըստ դատախազության ներկայացրած մեղադրանքի, հիշյալ իրավախախտումների հետեւանքով 2010-2011թթ. 3 քաղաքացիներ մահացել էին, ինչի կապակցությամբ էլ հարուցվել էր քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 130-րդ (Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը) եւ 315 հոդվածի 2-րդ մասով՝ (պաշտոնեական անփութություն):

Մահացած քաղաքացիներից մեկն Արմավիրի մարզի Այգեվան գյուղի բնակիչ Վռամ Խլղաթյանն է: Նախաքննությամբ պարզվել է, որ Վ.Խլղաթյանը տանն իրեն վատ է զգացել, սակայն շտապ բուժօգնություն ցուցաբերելու հարցով Արմավիրի բժշկական կենտրոնի ՝ շտապ եւ անհետաձգելի օգնության ծառայության զանգահարած հարազատներին ասել են, որ բենզին չկա: Վ.Խլղաթյանի հարազատները նրան փորձել են հիվանդանոց տեղափոխել սեփական տրանսպորտային միջոցով, սակայն հիվանդը ճանապարհին մահացել է: «Ընդ որում, պարզվել է նաեւ, որ Ն.Գեւորգյանի ցուցումով հերթապահ մեքենաներին տրվող 5-ական լիտր բենզինը միշտ էլ չի բավարարել, որի առթիվ աշխատակիցների ահազանգերը ԲԿ-ի տնօրենը հաշվի չի առել, ավելին՝ բանավոր պահանջել է չսպասարկել գյուղական բնակավայրերից ստացվող կանչերը»,- նշված է դատախազության կողմից հաստատված մեղադրական եզրակացության մեջ: Նախաքննության կողմից հաստատված է համարվել նաեւ, որ տեղի է ունեցել այն պարագայում, երբ այդ օրվա դրությամբ ԲԿ-ի պահեստում եւ մեխանիկի մոտ շուրջ 1.500 լիտր բենզինի կտրոններ են եղել: Նույն քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաեւ տվյալ բժշկական կենտրոնի շտապօգնության կայանի այդ օրվա հերթապահ բժիշկ Քրիստինե Հայրապետյանին եւ աշխատակից Գեղեցիկ Թումանյանին՝ ցուցաբերած անգործության եւ հիվանդին չայցելելու համար: Վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է Ազգային Ժողովի կողմից «ՀՀ Անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» 26.05.2011թ. ընդունված որոշման հիման վրա:

Բժիշկների անփության հետեւանքով մյուս երկու մահացածներն են՝ Արմավիրի մարզի Հացիկ գյուղի մանկահասակ` 1,4 տարեկան բնակիչ Հովհաննես Հովհաննիսյանը եւ Փշատավան գյուղի երեք տարեկան բնակիչ Արտաշես Սեդրակյանը։ Հովհաննես Հովհաննիսյան 2010թ. հուլիսի 17-ին ժամը 17:05-ին, «ճակատային եւ քունքային շրջանների թարախակալվող հեմատոմաներ, գանգուղեղային տրավմայից հետո վիճակ» ախտորոշմամբ ընդունվել է Արմավիրի բժշկական կենտրոն եւ ժամը 21-ի սահմաններում Երեւան քաղաքի «Սուրբ Աստվածամայր ԲԿ» ՓԲԸ տեղափոխվելու ճանապարհին մահացել: Դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ երեխայի մահը վրա է հասել երկկողմանի ինտերստիցիալ կոմպոնենտով բրոնխոպնեւմոնիայից, ճակատակողմնոսկրաքունքային շրջանների արյունա-թարախային պարկերի հետեւանքով զարգացած օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիայից: Համաձայն դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացության համաձայն՝ Հ.Հովհաննիսյանին բուժօգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ են կատարվել, որի արդյունքում հիվանդը մահացել է:

Եզրակացության մեջ նաեւ նշվում է, որ երեխայի մահվան պատճառ կարող էր լինել նաեւ այն, որ ռենտգեն ուսումնասիրություն չի կատարվել, եւ մանկական ռեանիմոբիլ եւ մանկաբուժական ռեանիմացիոն բրիգադա չի հրավիրել: Երեխան Երեւան է տեղափոխվել տաքսիով:

Մեղադրանքը բժիշկ ռեանիմատոլոգ Անահիտ Հովհաննիսյանին է առաջադրված, սակայն վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում այլեւս չի իրականացվում, քանի որ տառապում է անբուժելի հիվանդությամբ եւ գրանցված է «Ուռուցքաբանության ազգային կենտրոնում»: Նա մեղադրվում է 2011թ. հունվարի 1-ին «սուր լարինգոտրախեիդ 1-ին աստիճանի» ախտորոշումով հիվանդանոց բերված Փշատավան գյուղի երեք տարեկան բնակիչ Արտաշես Սեդրակյանին մասնագիտական սխալ բուժօգնություն ցուցաբերելու համար: Տվյալ դեպքում «սխալն» այն է եղել, որ հիվանդանոցում մանկական ռեանիմացիայի միջոցներ ու պարագաներ չլինելու պատճառով, երեխան երեք այլ բժիշկների որոշմամբ ուղարկել Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ հունվարի 6-ին 4 օր անգիտակից վիճակում մնալուց հետո մահացել է:

Նշենք, որ երեկ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում երեկ սկսվել է Ն. Գեւորգյանի քրեական գործով դատավարությունը: