ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը և ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին X սոցիալական ցանցում ահազանգում են Իրանի «Բուշեր» ԱԷԿ-ի տարածքին ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերի հասցրած հարվածների կապակցությամբ։
«Ես միանում եմ ՄԱԳԱՏԷ-ին. մենք կրկին ահազանգում ենք Իրանում միջուկային օբյեկտների անվտանգության վերաբերյալ։ Բուշերի ատոմակայանի հետ կապված վերջին միջադեպը խիստ հիշեցում է այն մասին, որ հարվածը կարող է հրահրել միջուկային վթար՝ սերունդների առողջության համար հետևանքներով։ Հակամարտության էսկալացիայի յուրաքանչյուր օրվա հետ խաղադրույքներն ու սպառնալիքներն ավելի են մեծանում։ Մենք պետք է անհապաղ անցնենք լիցքաթափման։ Խաղաղությունը լավագույն դեղամիջոցն է»,- ընդգծել է ԱՀԿ ղեկավարը։
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին իր հերթին «խորը մտահոգություն է հայտնել» միջադեպի մասին հաղորդման կապակցությամբ։ Նա հայտարարել է, որ ԱԷԿ-ի հրապարակները կամ հարակից տարածքները ոչ մի դեպքում չպետք է ենթարկվեն հարձակումների՝ նշելով, որ օժանդակ շենքերում կարող են գտնվել անվտանգության ապահովման համար կենսական նշանակություն ունեցող սարքավորումներ։
«Կրկնելով միջուկային վթարի վտանգից խուսափելու համար առավելագույն ռազմական զսպվածության կոչը՝ գլխավոր տնօրեն Գրոսին վերստին ընդգծում է հակամարտության ժամանակ միջուկային անվտանգության ապահովման 7 հիմնական սկզբունքների պահպանման առաջնահերթ կարևորությունը»,- նշվում է ՄԱԳԱՏԷ-ի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ «Բուշեր» ԱԷԿ-ի տարածքը վերջին անգամ հարվածների է ենթարկվել երեկ՝ ապրիլի 4-ին։ Զոհվել է ԱԷԿ-ի աշխատակից։