Մենք հաճախ սոցիալական ցանցերում հանդիպում ենք ահասարսուռ տեսարանների, թե ինչպես է Երևան քաղաքի կանաչ ֆոնդը վերանում, չնայած որ վերջին տարիների ընթացքում Երևանի կանաչ ֆոնդը մոտավորապես 21000 ծառով և 60 000 քմ տարածքով ավելացել է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը տեսանյութ ցուցադրեց՝ նշելով. «2025 թվականի նոյեմբերին մեկնարկել են Նուբարաշենի խճուղուն հարող 8.5 հեկտար տարածքում անտառաշերտի ստեղծման աշխատանքները։ Այս աշխատանքները իրականացվում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից բնապահպանական հարկի մասհանումներից, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի համաֆինանսավորման։
Այս տարածքում նախատեսում ենք տնկել շուրջ 10000 ծառ։ Մինչ այս պահը իրականացվել են 50 խորանարդ մետր ծավալով ջրավազանի, պոմպակայանի և ոռոգման համակարգի անցկացման աշխատանքներ, և ընթացիկ ամսվա վերջում ակնկալում ենք նաև ծառատունկի իրականացումը։ Տարածքի չափը 8.5 հեկտար է։ Պայմանագիրը մինչև հոկտեմբեր է, բայց հիմնական մասը կարծում եմ կիրականացնենք ապրիլին, եթե լրացումների կարիք կլինի, ապա աշնանային տնկումներ էլ կունենանք։ Այնտեղ կլինի ոռոգման համակարգ, պոմպակայան և ջրավազան»։
Ավինյանն էլ հավելեց, որ Էրեբունի վարչական շրջանում, Նուբարաշենի խճուղու հարևանությամբ շատ շուտով ծառատունկ կիրականացվի. «Շատ կարևոր ծրագիր է և կարծում եմ, որ պետք է ավելի շատ խոսենք այս տեսակ ծրագրերի մասին, որպեսզի սոցիալական ցանցերի տարատեսակ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունը չտարածվի նվազագույնը այն տեմպով, որը հիմա է տարածվում»,–ասաց քաղաքապետը։




























