Լիբանանի հարավում գտնվող իսրայելական բանակի գործողությունն իրականացվում է շիական «Հեզբոլլահ» կազմակերպության ռազմական ջոկատների ամբողջական զինաթափման նպատակով։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը։

««Հեզբոլլահի» զինաթափումը մեր գլխավոր առաջնահերթությունն է։ Սա նոր խնդիր չէ. այն օրակարգում է եղել դեռ մինչև ներկայիս գործողության մեկնարկը, և «Առյուծի մռնչոցն» ուղղված է հենց այդ նպատակին։ Մենք հետևողականորեն առաջ ենք շարժվելու՝ համատեղելով ռազմական հաջողություններն ու քաղաքական ղեկավարության քայլերը։ Մենք գործողությունների լիակատար ազատություն ենք տալու մեր զինվորականներին՝ ցանկացած սպառնալիք չեզոքացնելու համար»,- հայտարարել է գեներալը, որի խոսքերը տարածել է բանակի մամուլի ծառայությունը:

Ըստ մամուլի ծառայության՝ Զամիրն այս հայտարարությունն արել է Հարավային Լիբանանի սահմանամերձ շրջաններից մեկում՝ իսրայելական զորքերի տեղակայման վայրում անցկացված օպերատիվ խորհրդակցությունից հետո։