ԱՄՆ-ի և Իսրայելի զինված ուժերը վերջնականապես հաստատել են Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների առանցքային օբյեկտների ոչնչացմանն ուղղված լայնածավալ համատեղ հարվածների ծրագիրը։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է ամերիկյան Axios պորտալը։

Ինչպես հավելել են պորտալի զրուցակիցները, պատրաստի ռազմական ծրագրի իրագործումը հետաձգվում է մինչև Իրանի հետ բանակցություններում նախնական համաձայնության հասնելու համար Վաշինգտոնի սահմանած վերջնաժամկետների լրանալը։

Ապրիլի 5-ին Axios-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել մինչև ապրիլի 7-ը Իրանի հետ համաձայնության հասնելու հավանականությունը։ Ավելի վաղ Truth Social-ում նա սպառնացել էր հարվածներ հասցնել էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքներին, եթե Իրանը մինչև ապրիլի 6-ը չբացի Հորմուզի նեղուցը։ Միևնույն ժամանակ, ինչպես ընդգծում է Axios-ը, ամերիկյան առաջնորդը մեկ օրով՝ մինչև ԱՄՆ Արևելյան ափի ժամանակով ապրիլի 7-ի ժամը 20:00-ն, երկարաձգել է Իրանի հետ հնարավոր գործարքի կնքման վերջնաժամկետը։