Պակիստանը հրադադարի հաստատման երկփուլանի ծրագիր է փոխանցել ԱՄՆ-ին, որը կարող է ուժի մեջ մտնել արդեն երկուշաբթի օրը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով առաջարկներին ծանոթ իր աղբյուրին։
«Բոլոր կետերը պետք է համաձայնեցվեն այսօր»,- նշել է գործակալության զրուցակիցը՝ հավելելով, որ նախնական պայմանավորվածությունը ենթադրվում է փոխըմբռնման հուշագրի տեսքով։ Այն վերջնականապես պետք է ձևակերպվի էլեկտրոնային տարբերակով՝ Պակիստանի միջոցով, որն այս բանակցություններում կապի միակ խողովակն է։
Ըստ գործակալության տվյալների՝ պակիստանյան կողմի պատրաստած սխեման նախատեսում է անհապաղ հրադադար, որին 15-20 օրվա ընթացքում պետք է հաջորդի համապարփակ համաձայնագրի կնքումը։ Աղբյուրի պնդմամբ՝ մարտական գործողությունների դադարեցումը հնարավորություն կտա անմիջապես վերաբացել Հորմուզի նեղուցը։



























