Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերի շրջանակում մտադիր է առաջիկա օրերին առանձին հեռախոսազրույցներ ունենալ ԱՄՆ-ի և Իրանի առաջնորդների հետ։ Այս մասին նա հայտարարել է խորհրդարանական լսումների ժամանակ։

«Ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում [ԱՄՆ-ի և Իրանի] առաջնորդների հետ երկխոսություն հաստատելու ուղղությամբ։ Մենք տարբեր [դիվանագիտական] քայլեր ենք ձեռնարկում»,- նշել է նա՝ պատասխանելով պատգամավորների հարցին, թե ի՞նչ ջանքեր է գործադրում Ճապոնիայի կառավարությունը Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման համար։ Տակաիչին ընդգծել է, որ կցանկանար խոսել երկու երկրների ղեկավարների հետ մինչև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի հետ համաձայնագիր կնքելու համար սահմանված վերջնաժամկետը։

Ապրիլի 5-ին Axios պորտալին տված հարցազրույցում Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ մինչև ապրիլի 7-ը Իրանի հետ գործարքի կնքման բարձր հնարավորություններ կան։ Ավելի վաղ Truth Social-ում նա սպառնացել էր հարվածներ հասցնել էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքներին, եթե Իրանը մինչև ապրիլի 6-ը չբացի Հորմուզի նեղուցը։