Այսօր երիտասարդների զգալի մասը կանգնած է նույն հարցի առաջ՝ ինչպես կառուցել ոչ միայն կայուն, այլև իմաստալից կարիերա։ Շատերը փոխում են մասնագիտությունը, փնտրում են իրենց տեղը կամ փորձում են ձեռք բերել այն հմտությունները, որոնք իրական ազդեցություն կունենան թե՛ իրենց, թե՛ հասարակության կյանքի վրա։ Հենց այս որոնման մեջ է, որ կրթության ոլորտում առաջնորդություն ստանձնելու ուղին դառնում է առավել պահանջված՝ որպես զարգացման, կայացման և իրական փոփոխություն ստեղծելու հնարավորություն։ Այս համատեքստում «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» ուսուցիչների առաջնորդության ծրագիրը առաջարկում է ոչ միայն մասնագիտական փորձ, այլ ամբողջական ճանապարհ՝ նրանց համար, ովքեր ցանկանում են կառուցել արժեքահեն և ազդեցիկ կարիերա։ Սակայն ժամանակը սահմանափակ է․ հայտերի ընդունման ավարտին մնացել է ընդամենը երկու շաբաթ։

Այս ծրագիրը վաղուց արդեն միայն դասավանդման մասին չէ։ Այն համարվում է կյանքը և կարիերան ձևափոխող փորձառություն, որտեղ մասնակիցները ոչ միայն աշխատում են դպրոցում, այլ զարգանում են որպես առաջնորդներ, ձեռք բերում նոր մասնագիտական հմտություններ և միանում ազդեցիկ համայնքի։ Ծրագրին միացած 500 և ավելի մասնակիցների համար սա դարձել է շրջադարձային փուլ՝ օգնելով վերաիմաստավորել իրենց ուղին, փոխել մասնագիտությունը կամ ավելի խորացնել արդեն ունեցած փորձը։

Մասնակիցները նախ անցնում են անվճար ինտենսիվ վերապատրաստում, որից հետո ամբողջական դրույքով դասավանդում են Հայաստանի տարբեր համայնքների դպրոցներում՝ սկսած սեպտեմբերից։ Սակայն այս փորձառությունը միայն դասավանդմամբ չի սահմանափակվում․ ծրագրի ընթացքում մասնակիցները զարգացնում են մի շարք կարևոր փափուկ և փոխանցելի հմտություններ՝ թիմերի և նախագծերի կառավարում, արդյունավետ հաղորդակցություն, խնդիրների լուծում, հարմարվողականություն և առաջնորդություն։ Այս հմտությունները նրանց հնարավորություն են տալիս հետագայում հաջողությամբ շարունակել կարիերան ոչ միայն կրթության, այլ նաև կառավարման, զարգացման, ՏՏ և այլ ոլորտներում։ Միաժամանակ մասնակիցները ստանում են շարունակական, անվճար մենթորություն, մասնակցում են մասնագիտական զարգացման ծրագրերի և կարող են ներգրավվել կամավոր ատեստավորման գործընթացում՝ բարձրացնելով իրենց որակավորումն ու աշխատավարձը։ Բացի այդ, ծրագրի շրջանակում տրամադրվում է նաև ամսական հավելյալ ֆինանսական աջակցություն՝ 200,000 դրամի չափով, ինչը հնարավորություն է տալիս ամբողջությամբ կենտրոնանալ ինչպես դասավանդման, այնպես էլ սեփական մասնագիտական աճի վրա։

Ծրագիրը բաց է տարբեր խմբերի համար՝ թե՛ համալսարանն այս տարի ավարտող երիտասարդների, թե՛ մասնագիտությունը փոխել ցանկացողների, և թե՛ այն մասնագետների, որոնք ցանկանում են իրենց գիտելիքը բերել կրթական ոլորտ։

Ծրագրի ամբողջական արժեքը բացահայտվում է երկամյա մասնակցության ընթացքում։ Այդ ճանապարհն ավարտելուց հետո մասնակիցները ստանում են Շրջանավարտ-դեսպանի կարգավիճակ և միանում Teach For All համաշխարհային ցանցին, որն ընդգրկում է շուրջ 70 երկիր։ Սա բացում է նոր դռներ՝ թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային մակարդակում։

Միևնույն ժամանակ, կազմակերպությունը ներդրել է նոր մոտեցում, որը դարձնում է ծրագրին միանալու առաջին քայլն ավելի հասանելի։ Խոսքը 1+1 մասնակցության մոդելի մասին է։ Թեև ծրագիրը շարունակում է մնալ երկամյա, դիմորդներն այլևս պարտավոր չեն հենց սկզբից վերջնական որոշում կայացնել ամբողջ ժամանակահատվածի համար։ Առաջին տարին դառնում է փորձառության և հմտությունների ձևավորման փուլ, որի ավարտին մասնակիցն արդեն իր սեփական փորձի հիման վրա որոշում է՝ շարունակել երկրորդ տարին, թե ոչ։ Այս փոփոխությունն ուղղված է ոչ թե հանձնառության նվազեցմանն, այլ սկզբնական անորոշության հաղթահարմանը։ Եվ փորձը ցույց է տալիս, որ երբ մարդիկ արդեն ներգրավվում են գործընթացում և տեսնում իրենց ազդեցությունը, նրանք ընտրում են շարունակել․ ծրագրի մասնակիցների մեծամասնությունը՝ շուրջ 95 տոկոսը, ավարտում է ամբողջ երկամյա ուղին։ Ծրագրի շրջանավարտները հետագայում հաջողությամբ շարունակում են իրենց ճանապարհը տարբեր ոլորտներում՝ ընդունվելով առաջատար միջազգային համալսարաններ, այդ թվում՝ Հարվարդ, ներգրավվելով կորպորատիվ ոլորտում, կրթության քաղաքականության մշակման գործընթացներում, ինչպես նաև պետական կառավարման համակարգում։ Նրանցից շատերը այսօր ակտիվ դեր ունեն բիզնեսում, հանրային կառավարման և կրթական բարեփոխումների ոլորտներում՝ շարունակելով իրենց ազդեցությունը արդեն ավելի լայն մակարդակում։

Լրացնելով հայտը հիմա, մասնակիցներն անցնում են ընտրության փուլերով, ամռանը մասնակցում անվճար վերապատրաստման, և արդեն սեպտեմբերից սկսում դասավանդել դպրոցում։

Կյանքդ և շատ ուրիշ կյանքեր փոխելու առաջին քայլը սկսվում է մասնակցության հայտի լրացումից