Այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանի խորհրդարանում, վախի պարզ դրսևորում է։ Ապրիլի 7-ին Ազգային ժողովի շենքի դիմաց իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը:

«Վերջերս տեսնում ենք, որ գործադիր իշխանության այս պահի դրությամբ ղեկավարը խոսում է ուժեղ տղերքի մասին։ Բա ուժեղ տղերքն արդյոք քաղաքական հայտ ներկայացնելուց մի քանի օր առաջ հրատապ կերպով Ընտրական օրենսգրքի փոփոխությո՞ւն են անում՝ զուտ Սամվել Կարապետյան բառը, անունը, ազգանունը չօգտագործելու համար։ Բա արդյո՞ք սա ուժեղ իշխանության դիրք է»,- ասել է Արամ Վարդևանյանը։

Նա նշեց, որ սոցիոլոգիական հարցումներն ու առողջ բանականությունը ենթադրում են, որ սա վախեցած կառավարության վարքագիծ է, այլ ոչ թե ուժեղի։ «Այսօր արդեն խոսվում է նրա մասին, որ «Սամվել Կարապետյան» անձնանունը չի կարող օգտագործվել դաշինքի անվանման մեջ։ Սա ամենամեծ վախի դրսևորումն է։ Այն աստիճան ապօրինություն է տեղի ունենում, որի նախադեպը չի եղել, որովհետև պայքարել անվանման դեմ՝ սա իսկապես նորություն է։ Եվրոպական փորձի մասին շատ են չէ խոսում, բայց ես չեմ պատկերացնում որևէ եվրոպական երկիր, որտեղ ԿԸՀ հայտերի ներկայացումից ընդամենը հաշված օրեր առաջ Ընտրական օրենսգրքում նման բովանդակային փոփոխություններ արվեն։ Վենետիկի հանձնաժողովն արգելում է նման վարքագիծը։ Այլ հարց է, որ Հայաստանի իշխանությունները, ամեն օր եվրոպական արժեքներից խոսելով, կիլոմետրերով հեռանում են հենց այդ արժեքներից», - նշել է փաստաբանը։

Ըստ նրա գնահատականի՝ կատարվողն ընտրական համակարգում գործող հավասարության սկզբունքների խախտում է։ «Այս պահին նրանք լծակներ ունեն և օգտագործում են դրանք։ Բայց սա միայն մի բանի մասին է վկայում՝ երկրում փոփոխություններն ավելի ու ավելի են մոտենում։ Փոփոխությունները գալիս են Սամվել Կարապետյանի հետ, փոփոխությունները գալիս են «Ուժեղ Հայաստանի» հետ»,- ընդգծել է Արամ Վարդևանյանը։