Հարավկորեացի զինվորականների հաղորդմամբ՝ Հյուսիսային Կորեան չորեքշաբթի օրը մի քանի կարճ հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել ծովի ուղղությամբ։ Associated Press-ը նշում է, որ սա վերջին երկու օրվա մեջ արդեն երկրորդ արձակումն է։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Փհենյանը բավականին կոշտ արձագանք է տվել երկկողմ հարաբերությունների ջերմացման մասին Սեուլի հայտարարությանը։
Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեի տվյալներով՝ հրթիռները մեկնարկել են Հյուսիսային Կորեայի արևելյան ափամերձ Վոնսան շրջանից և դեպի հյուսիս-արևելք են թռել շուրջ 240 կիլոմետր։
Սեուլն իր հայտարարության մեջ ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ ամուր ռազմական դաշինքի շրջանակում պատրաստ է հետ մղել Հյուսիսային Կորեայի ցանկացած սադրանք։
Ավելի ուշ հարավկորեական կողմը հայտնել է, որ Փհենյանը ևս մեկ բալիստիկ հրթիռ է արձակել դեպի արևելյան ջրերը, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հարավկորեական բանակի տվյալներով՝ երեքշաբթի օրը ևս մեկ չնույնականացված արկի արձակում է գրանցվել Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքի մերձակայքում։ Հաղորդվում է, որ Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի հետախուզական ծառայություններն այժմ ուսումնասիրում են այդ փորձարկման մանրամասները։ Հարավկորեական լրատվամիջոցները հաղորդել են, որ նախորդ սարքը, որը նույնպես հավանաբար բալիստիկ հրթիռ է եղել, անհետացել է հարավկորեական ռազմական ռադարներից այն բանից հետո, երբ արձակման սկզբնական փուլում անոմալ փոփոխություններ են նկատվել:
Ըստ հաղորդումների՝ սա վկայում է այն մասին, որ արձակումը ձախողվել է։
Հրթիռների հաջորդական արձակումներ են տեղի ունեցել այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեան հասկացրել է, որ մտադիր չէ բարելավել հարաբերությունները Հարավային Կորեայի հետ, որի լիբերալ կառավարությունը մշտապես փորձում է վերականգնել վաղուց դադարեցված երկխոսությունը։ Երեքշաբթի երեկոյան ԿԺԴՀ արտաքին գործերի փոխնախարար Չան Կում Չխոլը հայտարարել է, որ Հարավային Կորեան միշտ կմնա որպես «Հյուսիսի ամենաթշնամական պետությունը»։ Նա հեգնել է Հարավային Կորեայի ղեկավարությանը՝ նրանց անվանելով «աշխարհին ապշեցնող հիմարներ», որոնք ցանկալին իրականի տեղ են ընդունում՝ հղում անելով երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի ազդեցիկ քրոջ՝ Կիմ Յո Չժոնի վերջերս արած հայտարարությանը։
Այն բանից հետո, երբ Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը ափսոսական նամակ է հղել դեպի Հյուսիսային Կորեա քաղաքացիական անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ թռիչքների համար, Կիմ Յո Չժոնը երկուշաբթի ուշ երեկոյան գովել է նրան՝ «ազնվության և խիզախության» համար։ Միևնույն ժամանակ, նա վերահաստատել է պատասխան միջոցներ ձեռնարկելու սպառնալիքը (եթե նման թռիչքները կրկնվեն)։





























