Անհրաժեշտ է սահմանել Հայաստանի Հանրապետությունում ներդրումների իրավական հիմքերը, ներդրողների և նրանց ներդրումների նկատմամբ կիրառվող ազատություններն ու երաշխիքները, նրանց իրավունքների պաշտպանության մեխանիզմները, ինչպես նաև պարտականությունները, ներդրումային խթանների իրավական հիմքերը և այլ դրույթներ։ Այս մասին ապրիլի 8-ին Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ «Ներդրումների մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլիա Սիրեկանյանը։

Նրա խոսքով, օրենքի նախագծի նպատակը ներդրումային հարաբերությունների ժամանակակից պահանջներին համապատասխանող իրավական բազայի ստեղծումն է՝ ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ներդրողների համար։ Փոխնախարարը նաև հիշեցրել է, որ ներկայումս Հայաստանում գործում է դեռևս 1994 թվականին ընդունված «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքը։ Այն, ըստ Սիրեկանյանի հավաստիացման, չի ապահովում ժամանակակից պահանջներին համապատասխան ներդրումային գործընթացի լիարժեք կարգավորումը։ «Նախագծի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ դրանով նախատեսված կարգավորումները տարածվելու են ոչ միայն օտարերկրյա, այլև տեղական ներդրողների և նրանց ներդրումների վրա։ Մինչդեռ գործող օրենքը, ինչպես հայտնի է, տարածվում է միայն օտարերկրյա ներդրողների և նրանց ներդրումների վրա՝ չկարգավորելով տեղական ներդրողների հետ կապված իրավահարաբերությունները», - պարզաբանել է Կառավարության ներկայացուցիչը։

Նա հստակեցրել է, որ նախագիծն առաջարկում է ամրագրել խտրականության դեմ երաշխիքները՝ երկու հայտնի բաղադրիչների միջոցով. ազգային ռեժիմ, համաձայն որի՝ օտարերկրյա ներդրողներն ունեն տեղական ներդրողներին հավասար իրավունքներ, ազատություններ և պարտականություններ, ինչպես նաև առավելագույն բարենպաստության ռեժիմ, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունում նույնանման պայմաններում գտնվող բոլոր օտարերկրյա ներդրողներն օժտված են հավասար իրավունքներով:

Բացառություն է նախատեսված միայն այն կարգավորումների մասով, որոնք բխում են մաքսային միություններին, ազատ տնտեսական գոտիներին, տնտեսական միություններին, միասնական շուկաներին, հարկային ռեժիմներին վերաբերող միջազգային պայմանագրերից և այլ միջազգային համաձայնագրերից:

Փոխնախարարի խոսքով՝ նախագիծը նաև նպատակ ունի միավորել տարբեր օրենքներում և իրավական ակտերում ամրագրված ներդրողների իրավունքներն ու երաշխիքները՝ դրանք մեկ նորմատիվ ակտում համախմբելու նպատակով:

Որոշակի քննարկումներից հետո օրենսդրական այս նախաձեռնությունը ստացել է խորհրդարանական մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը: