Հայաստանի կառավարությունը ցանկանում է շուկայում սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ համակարգ ձևավորել։ Այս մասին ապրիլի 8-ին Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ և վերջնական ընթերցմամբ քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլիա Սիրականյանը։
Սա վերաբերում է նաև ազնիվ մրցակցության և ձեռնարկատիրության զարգացման համար անհրաժեշտ միջավայրին։ Ենթադրվում է, որ խորհրդարանի կողմից փոփոխությունների ընդունման դեպքում սպառողների շահերի պաշտպանությանը վերաբերող դրույթները՝ Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (CEPA) համապատասխան ձևով, ամբողջությամբ կհամապատասխանեցվեն ԵՄ չորս դիրեկտիվներին։ «Մասնավորապես, առաջարկվում է ներդնել հեռավար և արտաօֆիսային պայմանագրերի ինստիտուտը, սահմանել նմանատիպ պայմանագրերին ներկայացվող պահանջները, ինչպես նաև սպառողին տրամադրվող տեղեկատվությունը, սպառողի կողմից այդ պայմանագրերից հրաժարվելու իրավունքն ու կարգը», - պարզաբանել է Սիրականյանը:
Կառավարության ներկայացուցչի խոսքով՝ օրենսդրական փաթեթով նախատեսված չորս դիրեկտիվները վերաբերում են սպառողների հետ կնքվող պայմանագրերում անբարեխիղճ պայմաններին, հեռավար և առևտրի օբյեկտներից դուրս կնքվող գործարքներում նրանց իրավունքների պաշտպանությանը, մոլորեցնող ու համեմատական գովազդներին, ինչպես նաև ապրանքի անհամապատասխանության դեպքում սպառողների պաշտպանության իրավական միջոցներին։
«Նախագծով սահմանվում են անբարեխիղճ պայմանների տեսակները։ Այսպիսով, եթե պայմանագրում առկա լինի որևէ անբարեխիղճ պայման, ապա այն կհամարվի անվավեր»,- նշել է փոխնախարարը։
Որոշ քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունն արժանացել է խորհրդարանական մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը։




























