Իմ այդ հայտարարության մեջ սպառնալիքի որևէ էլեմենտ չկա։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 9-ի կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի մասին իր հայտարարությունը։
«Իմ այդ հայտարարության մեջ սպառնալիքի որևէ էլեմենտ չկա, ես չեմ ասում՝ ես խոստանում եմ, ես ասում եմ՝ վախենում եմ, որ այդպես կլինի: Ինչո՞ւ եմ վախենում, որովհետև կարծում եմ, որ ձեր նշած անձը այն խոստումները, որ տվել է որոշ շրջանակների, նաև Հայաստանից դուրս գտնվող շրջանակների, որոնք որ որոշակի լծակներ ունեն նաև իր ունեցվածքի, ակնհայտ է, որ ինքը իր ստանձնած պարտավորությունները չի կատարելու, և ակնհայտ է, որ այդ ամբողջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու է: Ես դրա համար շատ ցավում եմ, որովհետև չէի ուզենա, որ որևէ տեղ հայկական համարվող որևէ կապիտալ զրոյացվեր»,- նշեց նա:
Արձագանքելով հարցին, թե Կարապետյանը ինչ խոստումներ է տվել, վարչապետն ասաց. «Ես ուրիշների խոստումները հանրությանը ներկայացնող սուբյեկտը չեմ, դրա համար կան սուբյեկտներ, թող իրենք պարզաբանեն՝ ում ինչ են խոստացել, ում առաջ ինչ են պարտավորվել, ում ինչ են հավաստիացրել, և այլն: Դա մեզ հետ կապ չունի»։





























