Բանակի վիճակի առանցքային ցուցիչը զինծառայողների և նրանց ծնողների կարծիքն է։ Այս մասին ապրիլի 9-ի Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի աղմկահարույց հայտարարությունները։
Փաշինյանը, մասնավորապես, նշել է, որ մարտ ամսին մարզեր կատարած աշխատանքային այցերի ընթացքում քաղաքացիները բազմիցս դիմել են իրեն և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Նրանք դրական են գնահատել Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները (հատկապես՝ Զինված ուժերում)։ «Պիտի արձանագրենք, որ Հայաստանի բանակը և՛ սննդի, և՛ հագուստի, և՛ սպառազինության, և՛ բարոյահոգեբանական վիճակի, և՛ պաշտպանունակության առումով երբեք այսպիսի լավ վիճակում չի եղել։ Մնացածը՝ ով ինչ քաղաքական նկատառումով կասի, ինձ համար կարևոր են զինվորները, նրանց ծնողները և նրանց ծնողների արձագանքը», - ասել է վարչապետը։
Նա ընդգծել է, որ չնայած ցանկացած բանակին բնորոշ խնդիրների առկայությանը՝ Հայաստանում շարունակվում է Զինված ուժերի բարեփոխումների՝ կառավարության հաստատած հայեցակարգի իրագործումը։ Ղեկավարի խոսքով՝ բարեփոխումների միջանկյալ արդյունքները նախատեսվում է ցուցադրել արդեն մայիսի 28-ին՝ Առաջին հանրապետության օրվան նվիրված սպառազինության շքերթի ժամանակ։
Ավելի վաղ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը կրկին ներկայացրել էր օրինագիծ, որը նախատեսում է դրամական փոխհատուցման դիմաց քաղաքացիներին ազատել ժամկետային զինվորական ծառայությունից։ Ըստ նրա՝ նախաձեռնությունը թույլ կտար պետբյուջե լրացուցիչ միջոցներ ներգրավել նրանց հաշվին, ովքեր խուսափում են ժամկետային ծառայությունից։ Օրենսդրական նախաձեռնությունն այս անգամ ևս մշտական հանձնաժողովի կողմից ստացել է բացասական եզրակացություն։ Քննարկումների ընթացքում հանձնաժողովի նախագահ, իշխող խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը և պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը դեմ են արտահայտվել նախաձեռնությանը, ինչից հետո Հայկ Սարգսյանը հայտարարել է, որ նրանց դիրքորոշումը նպաստում է բանակի թվակազմի կրճատմանը և ձեռնտու է Հայաստանի թշնամիներին։





























